Երևանի Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջի կոլեկտիվն ու ուսանողները անժամկետ դասադուլ և գործադուլ են հայտարարել և կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ԿԳ նախարարի հետ հանդիպում:
Բողոքի ակցիան կազմակերպվել է ի պաշտպանություն հեռացված տնօրեն Կառլեն Հայրապետյանի:ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քոլեջի աշխատակիցները նշեցին, որ Կառլեն Հայրապետյանին տնօրենի պաշտոնից ազատելու համար չկան բավարար հիմքեր և թեպետ ընդունում են, որ ԿԳՆ-ի կողմից աուդիտի և ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել, սակայն ըստ նրանց՝ դա բավարարի պատճառ չէ տնօրենին աշխատանքից ազատելու համար.
«Խախտումներ որտե՞ղ չկան. կարող են լինել: Թող այդ խախտումները շտկեն: Սակայն ֆինանսական խախտում մենք չենք տեսել, աուդիտը տեսել ենք՝ ընթացակարգերի խախտում է: Արդեն մեկ ու կես տարի է՝ նա մեր տնօրենն է և հենց իր աշխատանքը սկսելու պահից աշխատանքը զգացվել է: Մեկ տարվա ղեկավարը կարող է վրիպումներ թույլ տալ: Սակայն նրա աշխատանքը չնկատել հնարավոր չէ»,- ասացին քոլեջի աշխատակիցները:
Ցուցարարների հետ հանդիպեց նաև կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, որը նշեց, որ հայտնաբերված խախտումներից ելնելով՝ օրենքի համաձայն՝ տնօրենը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։