Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ցանկացած պարագայում, ունենալու է փայլուն պայմաններ սաների ուսումնառության ու հանգստի կազմակերպման համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտոպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
-Կան դեռևս քննարկումներ՝ կապված վարժարանի՝ ներկայիս համալիրի փոխարեն ռազմամարզական ուղղվածությանն առավել հարմարեցված և, ծախսային առումով, առավել ընկալելի կառույց տեղափոխելու շուրջ։ Սա արձանագրելը չափազանց կարևոր է. մենք չենք խոսում վարժարանը փակելու, կամ նույնիսկ սաներին ավելի վատ պայմաններ առաջարկելու մասին։ Դա ի սկզբանե բացառված է։ Անգամ չի քննարկվում Դիլիջանից, կամ Տավուշի մարզից այն տեղափոխելու հարցը։ Մենք ընդամենը քննարկում ենք ներկայիս համալիրի շահագործման նպատահարմարությունը և այլ լուծումներ գտնելու հնարավորությունը։ Վարժարանը շարունակելու է գործել՝ մատուցելով որակյալ կրթություն և դարբնոց հանդիսանալով մեր բանակի ապագա սպաների համար։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։
Իհարկե՝ համալիրում ստեղծված են փայլուն պայմաններ։ Բայց փաստ է նաև, որ ոչ բոլոր ենթակառուցվածքներն են լիարժեք օգտագործվում, համալիրի շենքային պայմանները, որոշ դեպքերում, ուղղակի հարմարեցված չեն վարժարանի նպատակներին և այլն։ Այսինքն՝ կան բավական մեծ թվով խնդիրներ, որոնք մեզ օբյեկտիվորեն պարտադրում են առնվազն քննարկել ներկայիս համալիրի շահագործման նպատակահարմարությունը։
Ավելին. վարժարանի հանդեպ իմ վերաբերմունքը նաև խիստ զգացական է, քանի որ ես երկար տարիներ, որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, համակարգել եմ վերջինիս գործունեությունը և մշտապես ուղիներ փնտրել դրա պայմանների բարելավման համար։ Այսինքն՝ վարժարանի սաների ուսումնառության լավագույն պայմաններն ինձ համար, որոշ առումով, նաև սկզբունքի հարց է։
Ուզում եմ բոլորին, և մասնավորապես վարժարանի սաներին ու նրանց ծնողներին վստահեցնել, որ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների։ Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ցանկացած պարագայում, ունենալու է փայլուն պայմաններ սաների ուսումնառության ու հանգստի կազմակերպման համար։