ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ընթացքում Սիս համայնքի բնակիչների հետ պայմանավորվեց լուծել գյուղի ճանապարհի հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետի այցը նախօրոք պլանավորված չէր:
«Ես քիչ առաջ գտնվում էի Ռանչպար համայնքում, այնտեղ մանկապարտեզի խնդիրը որոշեցինք լուծել, այստեղ ճանապարհի հարցը կլուծենք: Չենք կարող միանգամից մի քանի խնդրով զբաղվել»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանին գյուղացիները խնդրեցին լուծել նաև գյուղի գազամատակարարման հարցը, ինչին վարչապետը պատասխանեց արևային էներգետիկա ստեղծելու առաջարկով:
«Եկեք կենտրոնանանք արևային պանելների վրա: Եթե մենք այստեղ գազը քաշենք, ձեզ լավություն չենք անում, իսկ նրանց, ովքեր գազ ունեն, վատություն ենք անում, որովհետև գազի գինը բարձրանում է: Իսկ արևային էներգիան անվճար է: Այսօր հեռանկարայինը արևային էներգետիկան է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ընթացում եղավ Ռանչպար և Սիս համայնքներում: