Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեսյբուքյան էջում գրառում է արել՝ կապված Դիլիջանի թունելի լուսավորության հետ.
«Դիլիջանի թունելի լուսավորության հետ կապված իմ նախորդ գրառման տակ մի շարք հարցեր են հնչել, որոնց կցանկանայի անրադառնալ։
Թունելի մեջտեղի մասում նախորդ տարվա բեռնատարի վթարի և խոշոր հրդեհի պատճառով մի շարք լուրջ խնդիրներ էին առաջացել կապված ջրահեռացման համակարգի, ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի, օդափոխության համակարգի և լուսավորության համակարգի հետ։
2018-19 թթ․ ընթացքում թունելը սպասարկող ընկերության կողմից վերանորոգվել/արդիականացվել են թունելի լուսավորության և մասնակի նաև ջրահեռացման համակարգերը՝ սպասարկման ծրագրի շրջանակներում՝ առանց հավելավճարի։
2019 թվականին նախատեսվում է իրականացնել թունելի ամբողջական վերանորոգման նախագիծը, իսկ շինարարությունը նախատեսվում է սկսել 2020 թվականին։
Թունելի փոսերը պարբերաբար լցվում են և եղանակների թույլ տալուն պես դրանք կվերանորոգվեն։
Թունելի օդափոխության համակարգը աշխատում է մասնակի, քանի որ մեջտեղի հատվածում այն ամբողջովին այրվել է, իսկ ամբողջական փոխարինումը կիրականացվի թունելի վերականգնման ծրագրի շրջանակներում։
Լուսավորության հետ կապված կամ որևէ այլ հարցում թերություն նկատելու դեպքում խնդրում եմ անմիջապես նկարել և ուղարկել իմ ֆեյսբուքյան էջին՝ անձնական նամակով։
Նախարարությունն իրականացնում է սպասարկման վերահսկողություն, և գրանցված խախտումների դեպքում սպասարկող ընկերությունը կկրի իր բաժին պատասխանատվությունը,
Մնացած թունելների, ճանապարհների և կամուրջների 2019 թվականի ընթացքում նախատեսված շինարարության ծրագրերի մասով հավելյալ կհայտարարվի»։