«Հայփոստը» պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում, մշակման փուլում է «Հայփոստի» զարգացման նոր ռազմավարությունը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարը ներկայացրեց, որ վերաբացվել է ԱՄՆ Դելավեր նահանգում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, ինչը կխթանի առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի հետ։ Բացի այդ, այժմ ընթացքում են Ռուսաստանի փոստային ծառայության հետ երկկողմ բանակցությունները, որոնց արդյունքում, ըստ նախարարի, զարգանալու են փոստային բազմաթիվ լոգիստիկ ծառայություններ։
«Փոստային բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի և այս պահին ամբողջ ծավալով իրենց ծառայություններն են մատուցում: Մենք խնդրել ենք, որ փոստի գրասենյակներում կուտակումներ չլինեն, դրանցից խուսափելու համար կարող են որոշակի անհարմարություններ ստեղծվել, բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, օրվա ընթացքում կատարվելու է ախտահանում, և, կարծում եմ, մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան այս փաստերին»,- ասաց Արշակյանը:
Ներկայացնելով ոլորտում կատարված աշխատանքը՝ նախարարն ասաց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մեկտեղ, «Հայփոստը» թվայնացրել է կենսաթոշակային փոստային անկանխիկ վճարումների համակարգը։ Բացի այդ, Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում վերջերս բացվել է «Հայփոստի» նոր տիպի բաժանմունք:
«Բարձրացվել են Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի շուրջ 1300 աշխատակիցների աշխատավարձերը՝ 20-25 տոկոսով», - ընդգծեց նախարարը։
«Այսօր հանդիպում ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ և հավաստիացել ենք, որ տխնիկակակն սպասարկման, ինչպես նաև հեռահաղորդակցության ապահովման թե՛ համացանցի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից մենք որևէ խնդիր չունենք: Այն խոցելի տեխնիկական օղակները, որտեղ հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի մասնագետների փոխարինում ապահովվի»,- նշեց Արշակյանը:
Նախարարն ընդգծեց՝ սպասարկաման կենտրոնների հետ կապված որոշակի սահմանափակումներ կան. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպասարկման ոլորտներում մեր բնակչությունը, հիմնականում, իրենց ծառայություններն են ստանում ստացած փաթեթների, փոփոխության կամ նոր բաժանորդագրության տեսանկյունից այդ պատճառով որոշակի սահմանափակումներ կան»:
Թեև կան վերոնշյալ սահմանափակումները, այնուամենայնիվ, նախարարը նշեց՝ որոշակի կենտրոնական հատվածներում գործում են սպասարկման գրասենյակներ, և բոլոր ռիսկերը կառավարելի են: