Երեխաների զարգացման ու խնամքի հետ կապված բոլոր հարցերը՝ մեկ հարթակում. «Երևան էքսպո» կենտրոնում կանցկացվի «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը: Միջոցառումն անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, «Վորլդ Վիժն»-ի մասնակցությամբ:
Եզակի ձևաչափով այս միջոցառումն ուղղված է ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում միջոցառման համակազմակերպիչ Մարիաննա Գալստյանը նշեց, որ կոնֆերանս-ցուցահանդեսը ներառում է մի ամբողջ օր տևողությամբ բաց և անվճար դասախոսությունների շարք ծնողների, երեխաների հետ աշխատող մասնագետների համար:
«Մեր միջոցառումը տարբերվում է սովորական կոնֆերանսներից: Այն լինելու է միջավայր, որտեղ ծնողները, երեխաները, մասնագետները ինտերակտիվ ձևով կշփվեն, առաջին ձեռքից մասնագիտական խորհրդատվություն կստանան, կտիրապետեն ճիշտ և հավաստի ինֆորմացիային՝ կապված երեխաների ու ծնողների առողջության հետ»,-ասաց Մարիաննա Գալստյանը:
Միջոցառման մի ամբողջ հատված տրամադրվելու է այսօր Հայաստանում գործող մի շարք կրթական համալիրների, զարգացման, հոգեբանական և ֆիզիկական առողջություն ապահովող կենտրոնների գործունեության ներկայացմանը: Քննարկվելու են ծնողավարության, երեխաների նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության հետևանքների, կրծքով կերակրման անհրաժեշտության, երեխայի դաստիարակության գործընթացում հայրիկների ներգրավվածության, առողջ հղիության բաղադրիչների մասին հարցեր և այլ թեմաներ:
«Իմ Քայլը» հիմնադրամի սոցիալական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը նշեց, որ միջոցառումը բավական հագեցած ծրագիր ունի, այն իր մեջ ներառում է կարևոր տեղեկատվական ու կրթական բաղադրիչ:
«Երեխայի դաստիարակության, խնամքի, զարգացման վերաբերյալ տեղեկատվությունը, թվում է, թե համացանցի ժամանակաշրջանում բավական շատ է, սակայն փորձ է ցույց է տալիս, որ մեր ծնողները հավաստի ինֆորմացիայի կարիք ունեն: Ահա այս միջոցառումը հարթակ է, որտեղ ծնողները կարող են հենց մասնագետներից իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ»,-ասաց Գայանե Ղազարյանը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը նշեց, որ արդեն 20 տարի է աշխատում են Հայաստանում՝ նպատակ ունենալով նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր հղիություն կլինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ կլինի անվտանգ և ապահով, յուրաքանչյուր դեռահաս, երիտասարդ կկարողանա իր ներուժը, տաղանդն ամբողջությամբ օգտագործել:
«Մեր ուշադրության կենտրոնում տարիներ շարունակ եղել են հղիության, հետծննդյան, առողջ մայրության, երեխաների դաստիարակության հիմնախնդիրները: Շատ ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում, որպեսզի տեղեկատվությունը, խորհրդատվությունը ստանանք մասնագետներից, ինչպես նաև լավ ժամանակ անցկացնենք»,-ասաց Ծովինար Հարությունյանը: Նա նշեց, որ ճիշտ կլիներ նման միջոցառումներն անցկացվեն նաև մարզերում:
«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը նշեց, որ Հայաստանում ծնողները խնդրի առաջ են կանգնում, երբ երեխայի խնամքին, սննդին, դաստիարակությանը վերաբերող հարցերի վերաբերյալ փորձում են հայալեզու վստահելի աղբյուր գտնել:
« ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակտիվորեն աշխատում է տարբեր գերատեսչությունների հետ, որպեսզի այս խնդրին ինչ-որ չափով լուծում տրվի: Այս միջոցառումը կարևոր է, որովհետև մասնագետները հասանելի են լինելու, շփվելու են ծնողների հետ, առանձին թեմաներով քննարկումներ են անցկացնելու, անհատական հարցերին են պատասխանելու»,-ասաց Զառա Սարգսյանը:
Միջոցառումը նախատեսված է մարտի 23-ին, ժամը 10:00-19:00-ն: