Երեկ՝ մարտի 20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 8-ամյա տղա երեխա է մահացել։Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։
Նշենք, որ երեխան բժշկական կենտրոն էր տեղափոխվել փետրվարի 27-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
«Երեխան հիվանդանոց է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, գանգուղեղային լրջագույն տրավմայով։ 20 օր արհեստական շնչառության ապարատին է միացված եղել և գիտակցության չգալով մահացել է»,- ասաց Դալլաքյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին, ժամը 22:00-ի սահմաններում Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Տարոն Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 35 RR 699 համարանիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Վերոնիկա Ասատրյանի վարած Nissan մակնիշի 08 ՍՍ 011 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Տ. Հարությունայնն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 26-ամյա Նինա Հարությունյանը, 23-ամյա Արուսյակ Ավագյանը, 41-ամյա Լուսինե Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վ. Ասատրյանն ու նրա 2 երեխաները՝ 4-ամյա Կ. Ա.-ն, 8-ամյա Ա. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, անհայտ անձինք Mercedes-ի վրայից հանել էին համարանիշները, իսկ դրա վարորդը ավտոմեքենան վարելու իրավունք չի ունեցել, դեպքի վայրից դիմել է փախուստի և միայն 2.5 ժամ անց ներկայացել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Նա աշխատում է «Սպայկա» ընկերությունում՝ որպես օպերատոր:
Լուսանկարները՝ shamshyan.com-ի