Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշման համաձայն՝ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքներով Կոտայքի մարզի նախկին Նոր Գյուղ համայնքում արձանագրվել են մի շարք խախտումներ:
Մարզպետարանի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում են այդ խախտումները.
«• Գնումների գործընթացում չեն ներկայացվել գնումների պլաններ, գնման պայմանագրեր կնքելու վերաբերյալ հայտարարություններ, մի շարք գնումներ կատարվել են ֆիզիկական անձանցից, որոնց համար սահմանված կարգով չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել եկամտային հարկ՝ խախտվել է իրավահարաբերության ծագման պահին գործող՝«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, ինչպես նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը և 15-րդ հոդվածի պահանջները:
• Համայնքում կատարված աշխատանքների իրականացման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքվել են պայմանագրեր, որոնց համար չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել եկամտային հարկեր: Վերոգրյալի արդյունքում խախտվել է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:
• Համայնքի ավագանու որոշմամբ հաստատվել է համայնքի գույքագրման փաստաթղթերը, որտեղ չի ներառվել տվյալ ժամանակահատվածում համայնքի կողմից ձեռք բերված նյութական միջոց, որը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի պահանջի խախտում է:
Բացի վերոգրյալից, լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ
• Համայնքի ղեկավարի որոշմամբ փոփոխվել է գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողատեսքերը ավելի ցածր հողատեսքի. այդ փոփոխությունների և հողատեսքերի օտարման հետևանքով համայնքի բյուջե պակաս է մուտքագրվել շուրջ 10 միլիոն դրամ գումար:
Նշված խախտումները քննության առարկա դարձնելու նպատակով Կոտայքի մարզպետը դիմել է Կոտայքի մարզի դատախազին: