Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը համայնքային այցելությունների շրջանակում այցելել է Ակունք համայնք:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը նախ այցելել է Սուրբ Կարապետ եկեղեցի , ապա եղել է եկեղեցու հարևանությամբ գործող հոգևոր-մշակութային կենտրոնում:

 

Համայնքային առօրյայում իր նշանակալի դերակատարումն ունեցող այս հաստատությունում ներկայացվել են իրականցվող գործընթացների և համայնքային մշակույթի բնագավառում նախատեսված ծրագրերի հիմնական ուղղությունները: Կոտայքի մարզպետին ներկայացվել է Ակունքի միջնակարգ դպրոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:

 

Դպրոցում քննարկվել են պետական աջակցությամբ ընթացող շինարարական աշխատանքների որակին ու գործընթացը սահմանված ժամկետներում ավարտելուն վերաբերող հարցեր: Կոտայքի մարզպետը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ն ավարտել աշխատանքները' նոր ուսումնական տարվա մեկնարկը լիարժեք և ամբողջությամբ հիմնանորոգված կրթօջախում ազդարարելու նպատակով:

 

Այնուհետև Ա. Հարությունյանն այցելել է Ակունք համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոն, տնօրենի և աշխատակիցների հետ վերլուծել բնակչության առողջության պահպանման ասպարեզում իրականացվող գործառույթներն ու կատարելագորմանը միտված մի շարք ծրագրեր:

 

«Ակունքի ԱԱՊԿ» ՓԲԸ այցելությանը հաջորդել է համայնքի վարչական շենքում կազմակերպված հանդիպումը, որի ընթացքում ամփոփվել են համայնքային այցելության արդյունքները, ինչպես նաև համայնքի ավագանու, համայնքային ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են Ակ ունքի շարունակական զարգացումն ապահովելուն միտված մի շարք ծրագրեր:

 

Այս հանդիպման շրջանակներում մարզպետին ներկայացվել են նաև համայնքի մանկապարտեզի շենքի' դեռևս ընթացքի մեջ գտնվող հիմնանորոգման ուղղությամբ մինչ այս պահը ներդրված գումարների և կատարված աշխատանքի փաստացի ծավալների վերաբերյալ տեղեկություններ: Կոտայքի մարզպետը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Ակունք համայնքի մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտուն դարձնելու համար պահանջվող միջոցների վերաբերյալ: