Օրեր առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն էր արել՝ ասելով, թե Կոտայքի մարզի համայնքապետերից մեկն իր հողամասերի քանակով Հայաստանում 3-րդ հողատերն է. «Անուններ չեմ տա, այս պահին քրեական գործ է հարուցված։ Թեև թղթերով ամեն ինչ կարգին է, բայց հո մենք գիտենք, որ կարգին չէ: Կադաստրային արժեքի կես գնով յուրացրել են այդ հողատարածքները։ Հողային օրենսգրքով կադաստրային արժեքի մինչև 50 տոկոս գին կարող են սահմանել, օգտվել են այդ նորմից»,- ասել էր նա: Ըստ մամուլի՝ խոսքը Նոր Գեղիի նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի մասին է, ով 1986-ից գյուղապետի պաշտոնն էր զբաղեցնում, բայց իշխանափոխությունից հետո հրաժարական էր տվել:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Նոր Գեղիի նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանընշեց, որ եթե մարզպետը նկատի է ունեցել Թևոսյաններին, ապա թող իրենց ամբողջ ունեցվածքը հաշվեն և բաժանեն իրենց 10 ընտանիքի մեջ, տեսնեն՝ ում՝ ինչքան է հասնում. «Ես ունեմ 4 որդի, 12 թոռ, 4 ծոռ, թե որ տղայիս կամ ում նկատի ունի մարզպետը՝ չգիտեմ: Իմ անունով ես ոչինչ չունեմ, չեմ էլ իմանում՝ որ տղաս ինչքան ունի: Դրանք այն հողատարածքներն են, որոնք ժողովուրդն ընդհանրապես չի օգտագործել և չի օգտագործում, մենք էլ ձեռք ենք բերել, օգտագործում ենք: Ռոմանոս Պետրոսյանը թող մտածի, որ հողերն առանց օգտագործլու չմնան, թե չէ՝ էսի ունի, էնի ունի, հազար տեսակի բաներ կարելի է ասել»,- ասաց Թևոսյանը՝ նշելով, որ ինքն ու իր տղաները բանկում 250 միլիոն դրամ վարկ ունեն::
Նկատենք, որ Նոր Գեղիի նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը հայտնի էր որպես երկարակյաց համայնքապետ: Սակայն 32 տարի գյուղը ղեկավարելուց և Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հրաժարական էր տվել:
Նա պատմեց, որ անցած տարի Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետ նշանակվելուց հետո կանչել և վստահեցրել է՝ եթե դիմում գրի և հրաժարվի համայնքապետի պաշտոնից իր մոտ ստուգում չեն անցկացնի. «Սակայն 10 օր հետո ՊՎԾ-ի գրուպան եկավ ստուգման, բայց արդյունքներն ուղարկել են ոչ մի լուրջ բան չկա մեջը: Ինքը հնարավոր է դա նկատի ունի, որ ուղարկել է Քննչական, թե չէ՝ իմ ու իմ տղաների հետ կապված ոչ մի քրեական գործ չկա: Անցած տարի ինձ ասաց դիմում գրի, ես հաջորդ օրը գրեցի դուրս եկա այն պայմանով, որ հոկտեմբերի 21-ին ընտրություն պետք է լիներ: Գնաց կառավարություն էլի խառնեց, բերեց իր սանիկին նշանակեց գյուղապետ: 2015թ. Թևոսյան ազգանունով փողոց են կոչել, 3 անգամ դիմել է ավագանուն՝ եթե ավագանին չեղյալ չհամարի կմտնեն դատարան, ես էլ ասում եմ՝ թող մտնեն: Հազար հարց կա մարզում, ինքը ընկել է տարիներ առաջ կայացրած որոշման հետևից: Թող իր գործերով ու մարզի խնդիրներով զբաղվի: Ոչ թե Աբովյանի ընտրությունների պես մտածի մենակ իր թիմի ընտրողներն են մարդիկ, մյուս կողմը մարդ չեն»,- նշեց նախկին համայնքապետը:
Սոնա Հարությունյան