Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած երիտասարդական ֆորումի ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
Նախագահին մեծ թվով հարցեր ուղղվեցին, իսկ հարցերից մեկն էլ ակտիվիստ Շահեն Հարությունյանինն էր` Շանթ Հարությունյանի որդու, ով հետաքրքրվեց` եթե այս իշխանությունների օրոք մարդիկ ժպտում են, դա ի՞նչ է նշանակում` հեղափոխությո՞ւն է եղել, թե՞ պարզապես սկսել են հավատալ նոր իշխանություններին: Արմեն Սարգսյանի պատասխանը հնչած հարցին անչափ ուշագրավ էր. «Կարող եք հեղափոխություն կամ հեղաշրջում անվանել, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մարդիկ հիմա ժպտում են»:
Եթե նման հայտարարություն աներ շարքային քաղաքացի, ում պատկերացումները հեղափոխության և հեղաշրջման մասին, ամենայն հավանականությամբ, անչափ լղոզված են՝ այդքան տարակուսելի և զարմանալի չէր թվա: Իսկ Արմեն Սարգսյանի կողմից նման շեշտադրումը մի շարք հարցեր է առաջացնում ոչ միայն այն պատտճառով, որ իր պես փորձառու դիվանագետները անչափ հազվադեպ են նման վրիպակներ անում, այլ նաև այն պարզ պատճառով, որ Սարգսյանը բավականին տեղեկացված է վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող խորքային քաղաքական գործընթացների տողատակերից: Բացի այդ, նման կալիբրի գործչի ցանկացած հայտարարություն ինքնին քաղաքական մեսիջ է՝ քողարկված, կամ բացահայտ: Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը օրակարգ բերելուց և փողոցային լայնածավալ գործողութուններ սկսելուց ի վեր Փաշինյանը չէր զլանում կրկնել, որ տեղի ունեցողը ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է: Իսկ այսօր նախագահի մակարդակով արվում է նման հայտարարություն, որը քաղաքական-վերլուծական շրջանակներին առնվազն մտորելու առիթ է տալիս՝ իսկ ի՞նչ է իրականում տեղի ունեցել մեր երկրում այս տարվա ապրիլ-մայիսին…
Ստելլա Խաչատրյան