Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի անբարեկարգ վիճակը փոխելու նպատակով ձեռնարկվել են առաջին քայլերը:
Փետրվարին այստեղ փոխվել են գործող 12 դասասենյակների լուսամուտներն ու դռները, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել դասասենյակներում բավարար ջերմաստիճանի պահպանումը: Շինարարական աշխատանքները եւ իրավիճակը տեղում դիտարկելու նպատակով Դրախտիկի միջնակարգ դպրոց այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ինչպես տեղում ներկայացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Դրախտիկի դպրոցի գործող 12 դասասենյակների նոր դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքներն ավարտվել են մարտի սկզբին: Տեղադրվել է 34 եվրոպատուհան ՝ 125,7, եւ 10 դուռ՝ 25,8 քառակուսի մետր մակերեսով: Շինանյութ ձեռք բերելու եւ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Շողակաթի համայնքապետարանը հատկացրել է 1 միլիոն 485 հազար դրամ: Դրախտիկի դպրոցի տնտեսված միջոցներից հատկացվել է 960 հազար դրամ: Դպրոցը շինարարական աշխատանքներում ներդրել է նաեւ «Բարի գործեր» ծրագրից շահած ողջ գումարը, որը կազմել է 1,5 միլիոն դրամ:
«Կատարված աշխատանքներից հետո արդեն դասասենյակներում հնարավոր է դարձել պահպանել տաք ջերմաստիճան: Նոր դռների ու պատուհանների տեղադրումը առաջնահերթ ենք համարել այդ սենյակներում, որտեղ կան գործող դասարաններ, որպեսզի ձմեռային սեզոնի ընթացքում կարողանանք դասասենյակներում բավարար ջերմաստիճան ապահովել: Հուսով ենք, որ մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը կունենանք շատ ավելի բարվոք շենքային պայմաններ, քանի որ այսքան տարիների մեջ առաջին անգամ այստեղ վերջապես հիմնանորոգման աշխատանքներ ենք տեսնում, ինչը չի կարող մեզ չուրախացնել»,-նշեց Դրախտիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքոխյանը:
Ինչպես հավաստիացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում կլուծվի դպրոցի գազաֆիկացման խնդիրը, եւ նոր ուսումնական տարվանից դպրոցը կջեռուցվի բնական գազով: Գազաֆիկացման բոլոր ծախսերն իր վրա է վերցնելու Շողակաթի համայնքապետարանը:
Մարզպետը շրջեց դասասենյակներում, ծանոթացավ ուսումնական պարապմունքների ընթացքին, զրուցեց մանկավարժների հետ: «Տարիների բացթողումների արդյունքում դուք այժմ ունեք շենքային խիստ անբավարար պայմաններ: Մենք պետք է հնարավորինս արագ կարողանանք շտկել այս անբարեկարգ պայմանները եւ միաժամանակ կարգավորել աշխատավարձերի բարձրացման խնդիրը, որպեսզի դուք աշխատեք բարվոք պայմաններում ու արժանապատվորեն հոգաք ձեր ամենօրյա կարիքները: Խնդրանքս այն է, որ դուք համբերեք, մեզ բավարար ժամանակ տաք, որպեսզի մենք քայլ առ քայլ հասնենք մեր նպատակների իրականացմանը: Ուզում եմ վստահեցնել, որ Դրախտիկի դպրոցի արդիականացման ծրագիրը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, եւ առաջին հնարավորության դեպքում մենք կհասնենք իրավիճակի շտկմանը»,-մանկավարժական կոլեկտիվին դիմեց Գնել Սանոսյանը:
Ըստ մարզպետի՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցի շենքի արդիականացման ծրագրի իրականացման համար կպահանջվի մինչեւ 60 միլիոն դրամ: