Նախորդ տարվա ընթացքում Արարատի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են 792.229 մլն դրամի նորոգման, պահպանման եւ շահագործման աշխատանքներ:
նչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Արայիկ Պողոսյանը, Հ 8 Երեւան-Արտաշատ-Այգավան-Մ-2 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Ազատավան-Արտաշատ 1,5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ծախսվել է 105,0 մլն դրամ, Քաղցրաշեն-Նորաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի 0,3 կմ ճանապարհահատվածի վերանորոգման համար ծախսվել է 17,5 մլն եւ Նորաշեն-Դվին ավտոճանապարհի 0,3 կմ հատվածի համար' 24,5 մլն դրամ:
Հինգերորդ հրատապ ծրագրի շրջանակում ՀՀ պահուստային ֆոնդի միջոցներով աշխատանքներ են իրականացվել 329,792 մլն դրամի չափով, այդ թվում' Արմաշ համայնքի Նիկողոսյան փողոցի, Արարատ քաղաքի Աբովյան 1 նրբանցքի եւ Պուշկինի փողոցների, Արտաշատ քաղաքի Պուշկինի եւ այլ փողոցների ասֆալտապատում: Այդ աշխատանքների մեջ են մտնում նաեւ Ավշար, Ոսկետափ եւ Մասիս գյուղական համայնքների' դեպի դպրոց եւ Մխչյան համայնքի' դեպի մանկապարտեզ տանող ճանապարհները, Արտաշատի ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն տանող փողոցի ու հարակից բակերի եւ խաղահրապարակների վերանորոգումը եւ այլն:
Բաժնի պետը նշեց, որ մարզի տարածքում գտնվող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման համար 2014 թվականին հատկացվել է 295,175 մլն դրամ, իսկ Արարատի մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման համար' 20,560 մլն դրամ:
Լիլիթ Մաճկալյան