Գյումրիում մեկ տարվա ընթացքում տեղական բյուջեի միջոցներով կատարվել են շուրջ 410 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ:
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն' ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին։
Ըստ նրա' հիմնովին ասֆալտապատվել են կենտրոնական մի շարք փողոցներ, ընդհանուր ասֆալտապատման մակերեսը կազմել է շուրջ 102 հազար քմ։
Բացի այդ, քաղաքապետն ասաց, որ վերանորոգվել է քաղաքային աղբավայր տանող 1.5 կմ երկարության գրունտային ճանապարհը, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են մեծ ու փոքր աղբամաններ, կառուցվել են աղբապատնեշներ, աղբահանությունը կատարվում է կարգավորված գրաֆիկով և որ 2012թ. համեմատ նույն ժամանակահատվածի, առկա է շուրջ 70 մլն դրամի խնայողություն:
«Արդեն ունենք շուրջ 4900-ի հասնող լուսակետեր, և որ սկսվել են էներգիա խնայող լամպերի շահագործումը, ինչն ընդհանուր առմամբ, հնարավորություն տվեց արտաքին լուսավորության վրա կատարված ծախսերի մասով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 22 մլն դրամի խնայողություն արձանագրել»,- շեշտեց նա։