Արարատի մարզում համայնքային բյուջեների հաշվին նախորդ տարվա ընթացքում կատարվել են շուրջ 50 մլն դրամի աշխատանքներ' խմելու ջրի եւ գազատարների ներքին ցանցի կառուցման ու վերանորագման բնագավառում: Նույն աղբյուրների միոցներով մարզի 47 համայնքներում կատարվել են շուրջ 248 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ' կոպճապատում, ասֆալտապատում եւ փոսային նորոգում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանը, նախորդ տարվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ -ի կողմից շահագործման են հանձնվել Մասիս քաղաքի եւ Վարդաշեն, Սիփանիկ գյուղական համայնքների դպրոցները: Այս ծրագրի շրջանակում շարունակվում է նաեւ Մասիս քաղաքային համայնքի մարզահամալիրի շինարարական աշխատանքները:
Վարչության պետը նշեց, որ մարզում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել նաեւ այլ միջոցներով. շուրջ 80 մլն դրամի շրջանակում հիմնանորոգվել է Արարատ գյուղական համայնքի մանկապարտեզը' Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հաշվին: 15 մլն դրամի աշխատանքներ են իրականացվել նաեւ Դալարի մանկապարտեզում' «Ծնողազուրկ, հաշմանդամ երեխաների հիմնադրամի» կողմից:
Խաչատրյանը նշեց, որ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով 46,4 մլն դրամի շրջանակում իրականացվել են Քաղցրաշենի բուժամբուլատորիայի հիմնանորոգման աշխատանքները, Ճապոնիայի կառավարության եւ Հայկական կարմիր խաչի կողմից' Լուսառատի դպրոցի վերանորոգման աշխատանքնրը' 45 մլն դրամով: «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության կողմից հատկացված 30 մլն դրամի շրջանակում իրականացվել են Դիտակի դպրոցի վերանորոգման աշխատանքները: Արգավանդ համայնքում բարերար Արսեն Սայանի միջոցներից 43 մլն դրամ է հատկացվել երաժշտական դպրոցի հիմնանորոգման համար:
Լիլիթ Մաճկալյան