ՀՀ պետական բյուջեի միջոցներով հրատապ ծրագրի շրջանակներում Արարատի մարզի ճանապարհների վերանորոգման համար հատկացվել է 185 մլն դրամ: Այս պահին կազմվում են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, մայիսին կսկսվեն շինարարական աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արայիկ Պողոսյանը, 25 մլն դրամ հատկացվել է Արարատի Աբովյան 1 նրբանցքի, 10 մլն դրամ' Արմաշ համայնքի Նիկողոսյան փողոցի, 25 մլն դրամ' Մասիսի բազմաբնակարան շենքերի բակային ճանապարհների, 20 մլն դրամ' Ոսկետափ համայնքի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար: Գումար է առանձնացված նաև ճանապարհների վերանորոգման համար. 42 մլն դրամ' Նոյակերտ գյուղի մարզային ավտոճանապարհ, 25 մլն դրամ' Ավշար համայնքի տրանսպորտային հանգույց, Վեդի-Գոռավան-քաղաք Արարատ Հ8 ավտոճանապարհի 300 գծամետր, 20 մլն դրամ' Արտաշատի եկեղեցուն հարող ավտոճանապարհ:

 

Բացի ասֆալտապատման և վերանորգման աշխատանքներից, այս տարվա համար պետական բյուջեի միջոցներից մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային և ընթացիկ պահպանման, նաև շահագործման աշխատանքները կազմակերպելու համար հատկացվել է 35 մլն 615 հազար դրամ:

 

Պողոսյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի ընթացքում Արարատի մարզում գտնվող միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել են 5 մլրդ 290 մլն 736 հազար դրամի նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքներ, որից պետական բյուջեի միջոցներով' 420 մլն 136 հազար դրամ, Համաշխարհային բանկի միջոցներով' 4 մլրդ 686 մլն 400 հազար դրամ, համայնքային բյուջեի միջոցներով' 184 մլն 200 հազար դրամ: Համաշխարհային բանկի միջոցներից հատկացված ողջ գումարով իրականացվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները:

 

 

Լիլիթ Մաճկալյան