ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին եւ Գավառի քաղաքապետարանի բյուջեի համաֆինանսավորմամբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Գավառ քաղաքի 4 մանկապարտեզում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, հիմնանորոգվել են մանկապարտեզի տանիքներ, խմբասենյակներ, սանհանգույցներ, տեղադրվել լուսամուտներ ու դռներ, կառուցվել ջեռուցման համակարգեր: «Թիվ 8 մանկապարտեզում, որը գտնվում է Արծվաքար թաղամասում, կատարվել է շենքի մասնակի վերանորոգում: Հիմնանորոգվել է խմբասենյակը իր խաղասենյակով, ննջարանով եւ սանհանգույցով: Վերանորոգվում է նաեւ դահլիճի հատակը:
Այս աշխատանքների համար հատկացվել է շուրջ 14 միլիոն դրամ:17 միլիոն 233 հազար դրամի շրջանակում էլ իրականացվել է թիվ 4 մանկապարտեզի տանիքի հիմնանորոգումը. տեղադրվել են նոր լուսամուտներ ու դռներ, կառուցվել ջեռուցման համակարգ: Մանկապարտեզը ստացել է նոր գույք. սեղաններ, աթոռներ ու պահարաններ: Թիվ 7 մանկապարտեզում կառուցվել է ջեռուցման համակարգ եւ կատարվել շենքի մասնակի հիմնանորոգում, որոնց համար հատկացվել է 9 միլիոն 240 հազար դրամ: Թիվ 3 մանկապարտեզում էլ բարելավվել է ջեռուցման համակարգը, որի համար ծախսվել է 979 հազար դրամ:
Թվարկված աշխատանքները կատարվել են պետական բյուջեից նպատակային հատկացումների՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Գումարի 60 տոկոսը տրամադրվել է պետական, իսկ 40 տոկոսը՝ Գավառ համայնքի բյուջեից: Աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին: Ծրագրերի մի մասն ավարտված է, իսկ մնացած մասը կավարտվի առաջիկա 10 օրերի ընթացքում»,- ներկայացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը: