Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Այս մասին ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմից միջնորդած 3 փորձագետներ: Թե´ առաջնային, և թե՛ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով, Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին»,- ասաց Օհանջանյանը։
Նշենք, որ մարտի 15-ին դատարանը բավարարել էր Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Սակայն նրա փաստաբանները մարտի 19-ին դիմել էին դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց, ինչպես նաև դիմել էին ՄԻԵԴ՝ նշելով, որ ծանր հիվանդություններ ունեցող իրենց պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ստանում։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպանների կողմից՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների հարցով ՄԻԵԴ բողոքին, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց․ «Սա վեճ է, և սա, բացի գործնական լինելուց, նաև գիտական վեճ է ՄԻԵԴ-ում: Կա հիվանդությունների ցանկ, որով տառապող դատապարտյալները պետք է ազատվեն պատժի կրումից, քանի դեռ ունեն այդ հիվանդությունները, և դա չէր տարածվում կալանավորների վրա: Ես նախաձեռնել եմ ենթաօրենսդրական փոփոխություն, որպեսզի դա տարածվի նաև կալանավորների կողմից՝ անկախ նրանից, թե նման հարց ՄԻԵԴ-ում բարձրացվո՞ւմ է, թե՞՝ ո՛չ, այդ հարցը մեր օրակարգում եղել է մինչև Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը»,-ասաց Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերիվճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Սոնա Հարությունյան