Այսօր՝ մարտի 22-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Առավոտյան Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում դասադուլ է սկսվել: Դասադուլի մասնակից երեխաների, ուսուցիչների և ծնողների պահանջը եղել է այն, որ դպրոցի տնօրեն նշանակվի երկար ժամանակ նույն դպրոցում փոխտնօրեն աշխատած Անդրեյ Փիլիպոսյանը:
Օրեր առաջ այդ դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրություն. թեկնածուներից մեկը եղել է Փիլիպոսյանը, իսկ մյուսը՝ Նոնա Պողոսյանը: Ընտրության 2 փուլերում թեկնածուները հավաքել են հավասար միավորներ: Դպրոցի կոլեկտիվը դիմում-նամակ է ուղարկել փոխվարչապետին, որպեսզի տնօրեն նշանակվի Փիլիպոսյանը:ԼՈՒՐԵՐ.com- ի հետ զրույցում համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանն ասաց, որ ժամը 12-ից հետո գյուղում ոչ մի ակցիա չի իրականացվում: Դպրոցի կոլեկտիվը զրուցել է երեխաների հետ և հորդորել գնալ դասի:
«Ես չեմ կարող ասել, թե հարցը ինչ լուծում է ստացել, դա դպրոցի կոլեկտիվի ներքին հարցն է: Ամեն դեպքում, այս պահին որևէ բողոք չկա»,- հավելեց համայքնապետը:
Ասպրամ Փարսադանյան