Թուրքիայի դպրոցներից մեկի տղա աշակերտները փոքր խմբով դպրոց են ներկայացել կիսաշրջազգեստով՝ բողոքելով, որ դպրոցում արգելվել է, որ աղջիկները կիսաշրջազգեստ հագնեն: Հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը: «Dev-Lis» խմբի (հեղափոխական աշակերտներ) անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ Անթալիայում գտնվող անատոլիական Գազի միջնակարգ դպրոցի, որն արգելել է աղջիկներին կիսաշրջազգեստ կրել որպես դպրոցի համազգեստ:
Մոտ 10 աղջիկներ պաստառներ էին պարզել, որոնց վրա գրված էր «Ոչ կիսաշրջազգեստի արգելքին», «կիսաշրջազգեստը չի գայթակղեցնում» և քայլում էին դեպի Կազիմ Օզալպի փողոց: «Խնդիրն այն է, որ այդ հետադիմական անձինք կնոջ մարմինը դիտարկում են որպես սեռական տոնուսը բարձրացնող միջոց: Եթե կանայք կարճ են հագնում, ապա տղամարդիկ իրավունք ունեն չափչփել նրանց ու բռնաբարել:
Այդպիսի մտածողությունն է մեր դպրոցում կիսաշրջազգեստ կրելու արգելքի պատճառը», – խոսելով ցուցարարների անունից՝ ասել է Հանդե Բույուքաջարը: Դպրոցի տնօրեն Հայրի Բաշը անցած շաբաթ «Ջումհյուրիեթ» թերթին ասել է, որ տղաների և աղջիկների համար նույնանման համազգեստներ է ընտրվել. «Այս որոշումն ընդունվել է նոր կանոնակարգի համաձայն: Համաձայնություն է ձեռք բերվել, որ մեր երեխաները պետք է համազգեստ կրեն: Մենք էլ որոշեցինք, որ և՛ տղաները, և՛ աղջիկները պետք է շալվար հագնեն: Այդպիսով մեր երեխաներն իրենց ավելի հանգիստ կզգան», – ասել է տնօրենը: