Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում 2018թ․պաշտապանության ոլորտի ծրագրերը ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Զեկույցից հետո հնչող հարցին, թե բանակը քաղաքականությունից զերծ պահելու, միջանձնային հարաբերությունների կարգավորմանն ուղղված ի՞նչ միջոցառումներ են իրականացվում, Բաբայանը նշեց․
«Նախարարի ղեկավարությամբ անձամբ համակարգել եմ ընտրական պրոցեսին չխառնվելու՝ ԶՈՒ ամբողջ գործընթացը: Մի բան կարող եմ հնչեցնել, որ եթե ԶՈՒ-ի կողմից խառնվելու դեպքեր են եղել նախկինում, ապա դա բացառապես վերացված է եղել 2018թ․ ընտրություններին։ ԶՈՒ բարձրագույն սպաներից արձագանքներ են եղել, որ շատ ողջունվում է այս ամենը բանակի կողմից, և ամեն ինչ արվել է, որպեսզի որևիցե քարոզչական նյութ, որևիցե կուսակցական քարոզչություն ԸՕ համապատասխան և Պաշտպանության մասին օրենքին համապատասխան, ԶՈՒ ստորաբաժանում չներթափանցի»,-ասաց Բալայանը։
ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին, խնդրի կարևորության մասին խոսելով, հայտարարեց, որ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի աշխատանքներից ելնելով, ինքն այն համոզմունքն ունի, որ եթե այն ժամանակ բանակում լիներ գոնե մեկ վերին ատյանի պատասխանատու մարդ, որ ասեր ոչ՝ մենք կխուսափեինք Մարտի մեկից։