Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետազոտություններ է իրականացնում հասկանալու համար, թե որ տարբերակն է ավելի ձեռնտու՝ ունենալ աղբի վերամշակման գործարան, թե շեշտը դնել բիոէներգետիկայի վրա: Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ աղբի վերամշակման դեպքում արդյունքն այլ է, իսկ երկրորդ դեպքում էներգիա կարող են ստանալ: «Այստեղ ոչ թե քաղաքական որոշման խնդիր է, այլ մասնագետները պետք է ուսումնասիրեն գոյացած աղբի կառուցվածքը և ասեն, թե որ տարբերակը կլինի արդյունավետ»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր հայտարարությունն այն մասին, որ հեղափոխությունը կհասնի իր վերջնական նպատակին, երբ կազատվեն մեքենաների ջարդոններից և ժանգոտ կրպակներից: «Եվ ես հիմա շատ ուրախ եմ, որ Չարենցավանի մետաղաձուլական կոմբինատը իմ այդ կոչին արձագանքել է: Նրանք տարբեր տեղերից այդ մեքենաների ժանգոտած թափքերը հավաքում են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ իրեն չի գոհացնում երկրում տիրող իրավիճակը մաքրության առումով: Հարցին, թե ինչպե՞ս է պետք դրա դեմ պայքարել, ՀՀ վարչապետը նշեց, որ առաջին հարթին հարկավոր է պարզապես չաղտոտել, ծխախոտը չծխել ու գետնին գցել, աղբն աղբամանի մեջ նետել: «Երբ կգաք կասեք, դա արվել է, շարունակության մասին կասեմ»,- նշեց Փաշինյանը: