ՄԱԿ-ի Հարավ-Հարավ համագործակցության բարձր մակարդակով երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում Արգենտինայի ԱԳ արտաքին հարաբերությունների քարտուղար Գուստավո Սլաուվինենը (Gustavo Zlauvinen) ընդունել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են հայ-արգենտինյան քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, կարևորել են երկու պետությունների միջև հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերակատարումը, քննարկել են առևտրատնտեսական, կրթական և մշակութային կապերի առավել խորացման և ակտիվացման հեռանկարները: Արտակ Ապիտոնյանն իր արգենտինացի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել Հարավային Կովկասի և Լատինական Ամերիկայի տարածաշրջաններում վերջին զարգացումների և միջազգային քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ:
Նույն օրը Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանությունում կայացել է Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Արգենտինայի մարդու իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղար, արդարադատության նախարարի տեղակալ Կլաուդիո Ավրուխի (Claudio Avruj) հետ: Կողմերը ձեռք են բերել համագործակցության մասին մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Արգենտինայի մարդու իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղարության միջև ծրագրերի իրականացման շուրջ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ: Կլաուդիո Ավրուխը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ծանոթացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից Հայաստանի ներգրավմամբ իրականացվող ծրագրերին:
Մարտի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Արգենտինայի Պատգամավորների պալատի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Վալդո Վոլֆի (Waldo Wolf) հետ: Քննարկվել են երկու պետությունների միջև օրակարգային հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ներառյալ՝ փոխայցելությունների կազմակերպման ուղղությամբ:
Ավելի ուշ տեղի է ունեցել հանդիպում Արգենտինայի Սպիտակ սաղավարտների (Cascos Blancos) նախագահ Ալեխանդրո Դաներիի (Alejandro Daneri) հետ: Հանդիպման ընթացքում Ալեխանդրո Դաներին Արտակ Ապիտոնյանին ներկայացրել է իր գերատեսչության կողմից մարդասիրական առաքելությունների իրականացման բնագավառում Արգենտինայի փորձը:
Բուենոս Այրես կատարած իր այցի շրջանակներում նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: