«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարին ձեւավորված Արցախի հարցով միջազգային հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը եւ հանձնախմբի մի շարք անդամներ մի քանի շաբաթ է արտերկրում են, ակտիվ հանդիպումներ են ունենում հայազգի եւ եվրոպացի քաղաքական տարբեր գործիչների հետ, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանձնախումբը, հիշեցնենք, ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ իրավունքների պաշտպանության հարցերով։
Արցախցի խորհրդարանականները սպասում են, որ մարտի կեսերին Օսկանյանը կվերադառնա Հայաստան եւ իրենց հետ հանդիպման ընթացքում կներկայացնի կատարված աշխատանքները: Բայց գիտեն, որ նախկին արտգործնախարարը վերականգնել է նախարարական ժամանակաշրջանի եվրոպական կապերը, առանցքային գործիչների հետ է հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի։
Պատմում են, որ Օսկանյանը երեք օրվա մեջ 16 հանդիպում է անցկացրել: Եւ հանձնախումբն այժմ զբաղված է միջազգային մանդատ ստանալու հարցերով: Քննարկումներ են ընթանում իրավաբանների հետ, որպեսզի իրավական ձեւակերպումներ տան:
Ամենաարագ տարբերակը հասարակական կազմակերպություն գրանցելն է, սակայն հանձնախմբի ներկայացուցիչների կարծիքով ՀԿ-ն ցածր ստատուս է ենթադրում, պետք է հանձնախմբին միջազգային մանդատով շնորհել։ Ի դեպ, հանձնախմբի եւ իր հանդիպումների վրա Վարդան Օսկանյանը սեփական ֆինանսներն է ծախսում եւ չնայած առողջական խնդիրներին ամբողջությամբ նվիրվել է այդ գործին»: