«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը այս օրերին Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ինտենսիվորեն հանդիպումներ է ունենում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ինչպես մեզ փոխանցում են, արտերկրում տարվող այս բանակցությունների հիմնական թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձն է:

Չնայած Ադրբեջանի բռնապետ Ալիեւը ամեն առիթով սպառնում է արցախցիներին ու ոչնչացնում է հայկական հետքն օկուպացված Արցախում, իսկ Հայաստանի իշխանություններն առհասարակ ամուր փակել են Արցախի թեման, Արցախի վտարանդի իշխանությունները կարծում են, որ միջազգային բարձր եւ հուսալի երաշխիքների ներքո հնարավոր է արցախցիների վերադարձը:

Ահա այս օրակարգով Վարդան Օսկանյանը գործուղվել է արտերկիր:

Արցախի իշխանական եւ ընդդիմադիր շրջանակները, մի կողմից, համարում են, որ այս հանդիպումներով ու քննարկումներով չեն կարող «սարեր շուռ տալ», քանի որ միայն ՀՀ իշխանություններն են իրավասու պաշտոնապես բանակցել Արցախի հարցով, մյուս կողմից՝ համարում են, որ այսպիսով տաք են պահում Արցախի թեման ու ինչ-որ բան կարող են փոխել:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Վարդան Օսկանյանը վերադառնալու է եւ պատրաստվում է Արցախի կառավարության եւ պատգամավորների հետ հանդիպում ունենալ՝ ներկայացնելու իր վարած բանակցությունների արդյունքները:

Թե ինչ կտան Օսկանյանի վարած բանակցությունները, պարզ չէ, բայց, ինչպես ասում են, «ջուրը կաթիլ-կաթիլ քար կծակի», իսկ ոչ պաշտոնական մակարդակով բանակցությունները, վստահաբար, ոչինչ չանելուց ավելի լավ է:

Նկատենք նաեւ, որ Արցախի հարցով այս բանակցությունները նաեւ Հայաստանի իշխանությունների դժգոհությունն են առաջացրել, ու դա արտահայտվեց Հայաստանի ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանի շուրթերով:

Վերջինս ԱԺ-ում, անդրադառնալով Օսկանյանի գործունեությանը, այն որակել էր «փարիսեցիություն»։

«Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում. չսատարել այդ ջանքերին եւ այդ ամենը բնութագրել որպես դավաճանական գործունեություն, դրանից հետո գալ եւ զբաղվել ԼՂ հայերի վերադառնալու հեռանկարով փարիսեցիության տպավորություն է թողնում»,- ասել էր Միրզոյանը»: