Այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է պայմանավորվում Վլադիմիր Պուտինի հետ' շրջափակված Մարիուպոլից վիրավորներին և քաղաքի զոհված պաշտպանների մարմինները դուրս բերելու հարցում։ Այս գործողությունը կախված է միայն Կրեմլի տիրոջ որոշումից։ Այս մասին Ուկրաինայի առաջատար հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է segodnya.ua-ն։
«Կա մարդասիրական առաքելություն, որը համապատասխան պարտավորություններ է դնում Մարիուպոլի պաշտպանների վրա, սրանք նրանց եղբայրներն են, ովքեր վիրավորվել են կամ մահացել։ Մենք կուզենայինք, որ նրանք այնտեղ չլինեին, որպեսզի ծնողները նրանց հետ ստանան, իսկ մենք վիրավորներին դուրս հանենք։ Մենք միջնորդ էինք փնտրում, ում կընդուներ ռուսական կողմը։ Թուրքիան այսօր պատրաստ է նրանց նավերով տարհանել... Սպասում ենք Պուտինի համաձայնությանը: Ես խոսում եմ Էրդողանի հետ: Էրդողանը խոսում է նրա հետ, և այժմ այս պահը հիմնականում կախված է նրանից։ Մեր պատվիրակությունները քննարկել են տեխնիկական հարցեր։ Եթե հաջողվի այս առաջին մարդասիրական քայլը, ապա առաջիկա օրերին կտեսնենք արդյունքը։ Եթե մենք չկարողանանք, մենք հաստատ կիմանանք, որ ՌԴ նախագահն անձամբ նման հնարավորություն չի տալիս»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ այժմ շատ դժվար է ռազմական օգնություն ցուցաբերել քաղաքի պաշտպաններին։ «Այսօր Մարիուպոլի ռազմական ապաօկուպացիան դժվար է, և այս տղաները, ովքեր հիմա շատ դժվար ժամանակներում են, դա լավ գիտեն։ Մենք իսկապես կապի մեջ ենք գրեթե ամեն օր, և նրանց համար դժվար է։ Նրանք շատ ուժեղ են, ճիշտ է, բայց նրանց համար դժվար է։ Ավելին, դժվար է տարբեր առումներով»,- նշել է պետության ղեկավարը։