Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանն` անդրադառնալով politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի այն հայտարարությանը, թե ոստիկանապետը սպառնացել է իրեն, ասաց, որ ոստիկանությունն այդ մասով հաղորդում է տարածել, և ինքը հրավիրել է նրան, զրուցել է հետը։
«Խնդիրն այն էր, որ կային ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք Բորիս Մուրազիի հոդվածների տակ մեկնաբանություններ էին գրում, բայց, անկեղծ ասած, այդ օգտատերերի գրածների մեջ էլ չկային կյանքին, առողջությանն ուղղված սպառնալիքներ: Թեպետ դրանք չկային էլ` ես հանձնարարել եմ, և ճտշումներ են տեղի ունենում»,- ասաց ոստիկանապետը:
Անդրադառնալով այն հարցին, որ Մուրազին գրել էր, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, զանգահարել է իրեն, Վալերի Օսիպյանը վստահեցրեց, որ իրեն Նարեկ Սարգսյանը երբևէ չի զանգահարել:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ` Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգել: Եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից»,- ասաց նա: