Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին երկու ամսում աճել է` չնայած նրան, որ արդյունաբերական ցուցանիշների առյուծի բաժինը ապահովող երկու հսկա հանքարդյունաբերական ընկերությունները չեն աշխատել:
Խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման և դրա արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին աճել է 1.9 տոկոսով` չնայած այն պայմաններին, որ հունվարին արդյունաբերական արտադրանքը նվազել էր 1.1 տոկոսով: Փետրվարին արձանագրված 4.7 տոկոս աճի շնորհիվ երկամսյա հանրագումարը կազմել է 1.9 տոկոս: Ընդ որում, դա տեղի է ունեցել կարևոր պայմաններում: Ուզում եմ հիշեցնել, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի, օրինակ, Թեղուտի հանքը, որը վիճակագրորեն ապահովում էր մեր արդյունաբերական աճի մի հսկա տոկոսը, բավական երկար ժամանակ է, ինչ չի աշխատում` մոտ մեկ տարի: Ուզում եմ ընդգծել, որ հանքարդյունաբերական ոլորտում մենք ունեինք երկու հսկա, որոնք մեր արդյունաբերական վիճակագրական ցուցանիշների առյուծի բաժինն էին ապահովում: Եվ մենք այսօր աճ ենք ցույց տալիս այն պայմաններում, երբ այդ երկու գիգանտները չեն աշխատում»,- նշեց Փաշինյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ շատ ակտիվ աշխատանք է տեղի ունենում Թեղուտի հանքի հետ կապված: Եվ այն մարդիկ, ովքեր ներգրավված են գործընթացում, կառավարությանը հավաստիացնում են, որ շատ արագ և շուտով այդ ոլորտում կունենանք հաջողություն: Այսինքն` այն կվերաբացվի:
Մշակող արդյունաբերությունը հունվար-փետրվարին աճել է շուրջ 8 տոկոսով, ինչը Փաշինյանը բավականին շոշափելի ցուցանիշ համարեց: