Հայաստանում տեսչական մարմինների ինքնանպատակ ստուգումները բացառվելու են, բիզնեսի համար գործընթացը լինելու է կանխատեսելի:Այս մասին նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը:
«2019 թվականին զգալի անելիքներ ունենք մի շարք ուղղություններով: Խոսքը տեսչական վեց մարմինների վերահսկողության ոլորտների օրենսդրության մշակման մասին է: Հիմնականում զրոյից պետք է օրենքի նախագծեր մշակվեն: Դրանից բացի, ներդնելու ենք համակարգ, որը հնարավորություն կտա գնահատել տեսչական մարմինների աշխատանքը: Մշակելու ենք նաև տեսչական մարմինների կառավարման համակարգի առողջացմանը միտված իրավական ակտեր»,-ասաց Հայկ Այվազյանը: Նախատեսված աշխատանքի արդյունքում կբարձրանա տեսչական մարմինների գործունեության արդյունավետությունը: Իրականացվող քայլերը միտված են նրան, որ գործարար միջավայրի համար առավել կանխատեսելի միջավայր ստեղծվի: Տարիներ առաջ գործող 21 ստուգող մարմինների փոխարեն այսօր գործում է տեսչական 6 մարմին: Դրանք են՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, Կրթության տեսչական մարմին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
«Այս պահին կարող եմ ասել, որ ներդրվել են բոլոր գործիքները տեսչական մարմինների արդյունավետությունը գնահատելու համար: Նախկինում դրանք չեն եղել: Տեսչական մարմինները դարձել են թափանցիկ: Ինքնանպատակ ստուգումները բացառվելու են, ինչն էլ նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկը»,-ասաց նա:
Տեսչական մարմինների կողմից պլանային ստուգումների ցանկը հրապարակվելու է, բացի դրանից, նա կարևոր համարեց ստուգաթերթերը, որոնք բիզնեսին հնարավորություն են տալիս մեկ փաստաթղթում տեսնել, թե ինչ նորմերի պահանջների կատարումն են ստուգելու:
Հայկ Այվազյանը նշեց, որ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով նաև նախատեսում են ներդնել էլեկտրոնային համակարգ, որը կծառայի պետական մարմինների միջև տեղեկության փոխանակմանը: Արդյունքում տնտեսավորողի համար չի լինի նույն ինֆորմացիան տարբեր վարչական մարմիններին ներկայացնելու բեռը: Այդ ինֆորմացիան ունենալու պարագայում տեսչական մարմիններն ավելի արդյունավետ կիրականացնեն իրենց գործառույթը, ավելի լավ կգնահատեն ռիսկերը: