Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանի եւ Սուրեն Քրմոյանի՝ աշխատանքից ազատմանը, հայտարարել է, որ դա քաղաքական որոշման արդյունք է: «Մենք գոհ ենք, բավարարված ենք, նրանք բարձր մասնագիտացում ունեն, բայց սա քաղաքական թիմի որոշում է: Իսկ թե ում կառաջադրենք փոխնախարարների պաշտոնում, կորոշենք»,-հավելել է նախարարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության փոխնախարարներ Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվել են պաշտոններից: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք չէին կատարել Նիկոլ Փաշինյանի՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու հորդորը, ինչի առիթով էլ կառավարության ղեկավարը որոշել էր նրանց հեռացնել զբաղեցրած պաշտոններից։ Հավանական թեկնածուներից մեկն էլ 28-ամյա Տիգրան Խաչիկյանն է՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Բժշկական համալսարանում իրավաբան է աշխատում, դասախոսում է նաև ԵՊՀ-ում:
Պետք է փաստել, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանից անչափ քիչ ժամանակ պահանջվեց Փաշինյանի քաղաքական թիմի դառնալու համար: Այսօր նրանք մեկ նավում են և լուծում են նույն քաղաքական խնդիրը, որն այս դեպքում բնավ էլ կապված չէ նախարարների ամանօրյա արձակուրդների կազմակերպման հետ: Բանն այն է, որ արդարադատության անցումային մարմինների ձևավորման մեխանիզմների մշակումը ուշանում է, և այս ոլորտի հանդեպ յուարահատուկ ուշադրություն դրսևորող «Բաց հասարակություն» հիմնադրամը կարծես թե փորձում է միջամտել գործընթացին: Կա վարկած, որ փոխնախարարների փոփոխությունն իսկապես քաղաքական որոշման արդյունք էր, սակայն ո՛չ Հայաստանի իշխանությունների: Ի դեպ, ժամանակին «Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության» համակարգողը վստահեցնում էր, որ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը գումար է ստանում Սորոսի հիմնադրամից և պաշտպանում ԼՀԲՏ համայնքի իրավունքները։ Գուցե սորոսականները շուտվանից են իրենց հետևից ամրագրել ոլորտի յուղոտ պատառները, պարզապես, իշխանափոխությունից հետո Փաշինյանի թիմը ինքնագործունեության է դիմել՝ փոխնախարարների պաշտոնում նշանակելով ոլորտի գիտակների, իսկ հիմա իշխանություններին հիշեցնում են՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: