Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնամուխ է ինտեգրված սոցիալական ծառայությունների վերջնական ներդրմանն ու առկա խնդիրների լուծմանը: Երևանում մեկնարկած «Սոցիալական համագործակցություն. համայնքներից մինչև ազգային մակարդակ» համագումարին այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա շնորհակալություն հայտնեց կարևոր նախաձեռնության համար, հավելելով, որ կարևոր է ունենալ այնպիսի համագործակցություն, որը նվազեցնում է բյուրոկրատական գործընթացները:
«Սոցիալական համագործակցությունը համայնքներից մինչև ազգային մակարդակ ունի առանցքային նշանակություն հասկանալու մարդու խնդիրները և կարիքները, ինչի արդյունքում էլ հնարավոր կլինի մատուցել անհրաժեշտ ծառայություններ, որոնք թույլ կտան օգտագործել մարդու ներուժը հասարակությունում»,-ասաց նա:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերն էլ նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն իր գործընկերների՝ ի դեմս Մանկական զարգացման հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, ձեռնարկել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություն» ծրագիրը, որն ուղղված է սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրման միջոցով օգնելու համայնքներին հասցեագրելու իրենց խնդիրները։ «Այսօրվա մարտահրավերներով և երբեմն խոչընդոտներով շատ կարևոր է ունենալ այնպիսի հանձնառու մասնագետներ՝ ի դեմս սոցիալական աշխատողների, ովքեր իրենց վրա կենսական պատասխանատվություն են վերցրել փոխելու այլոց կյանքը: Սոցիալական աշխատողներն իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ հնարավորություն են ընձեռում յուրաքանչյուր անհատի սոցիալական միջավայրում առավելագույն բարեկեցությամբ ապրելու»,-հավելեց նա: