Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադային զոհ դարձած հարյուրհազարավոր մարդկանց հիշատակին: Պատվիրակությանն ուղեկցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Նշենք, որ հուշարձանը 2015 թվականին Երևանին է նվիրաբերվել Սանկտ Պետերբուրգի կողմից՝ որպես երախտիքի նշան այն հոգատարության համար, որ ցուցաբերվել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի՝ բլոկադայից փրկված և Հայաստանում ապաստանած երեխաների հանդեպ:

 

Պատվիրակությունը նաև հանդիպել է լենինգրադյան բլոկադայից փրկված և մինչև օրս Երևանում բնակվողների հետ, ովքեր վստահեցրել են, որ Հայաստանի մայրաքաղաքն իրենց ընդունել է որպես հարազատի և մշտապես հոգատար վերաբերմունք ցուցաբերել իրենց նկատմամբ: