Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 եւ 91 շենքերի արանքում դիեր կան:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին. «Հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, եւ մեզ հասած տեղեկություններով՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել: Շոկի մեջ ենք»: Հարեւանները նշում էին նաեւ, որ երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրում էին դրական, եւ որ նա ամուսնալուծված էր:
Աղբյուրի տեղեկություններով՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել դաժան ողբերգությունը։