Լոռու մարզի Սպիտակ քաղաքում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների՝ տանը կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու դին, իսկ ննջասենյակում երկու երեխաներին՝ մահացած:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հաստատեց տեղեկությունը, հավելելով, որ ինքնասպանության վերաբերյալ ահազանգ է ստացվել, դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ Լոռու մարզի քննչական վարչության պետի գլխավորությամբ: Տռուզյանի փոխանցմամբ՝ այս պահին դեպքի վայրում են քրեագետները և դատաբժիշկները: 

 

Երեխաների մահվան հանգամանքների վերաբերյալ դեռ ոչինչ հայտնի չէ. «Արտաքին զննությամբ՝ երեխաների մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն դեռ հստակ չեմ կարող ասել, քանի որ դեպքի վայրում աշխատում են դատաբժիշկները և քրեագետները: Ավելի ուշ կկարողանանք մանրամասներ հաղորդել»: Մահացած երկու երեխաներն էլ աղջիկներ են՝ 5 և 7 տարեկան: