Արագածոտնի մարզում փետրվարի 8-ին առեղծվածային դեպք է գրանցվել:

 

Հնաբերդ գյուղում սկզբում հայտնաբերել են 60-ամյա հոր, այնուհետև 34-ամյա որդու դին՝ կախված վիճակում: Թե ինչն է եղել Ալամյանների մահվան պատճառը, դեռևս պարզ չէ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հնաբերդ համայնքի ղեկավար Գոռ Հունանյանն ասաց, որ ամբողջ գյուղը ցնցված է, չեն հասկանում, թե ինչը կարող էր լինել այս ողբերգության պատճառը.

 

«Գյուղացիներն այնպիսի վիճակում են, այս դեպքի հետ կապված, որ նույնիսկ վարկածներ չունեն»:

 

Համայնքի ղեկավարն ասաց, որ Ալամյանի մահվան պատճառը դեռևս պարզ չէ, իսկ նրա որդուն կախված են գտել: Գոռ Հունանյանը, սակայն, տեղյակ չէր, թե ով է նրանց գտել մահացած վիճակում. «Ըստ երևույթին՝ տան անդամներն են տեսել»:

 

«Նորմալ, խելացի, աշխատող մարդիկ էին: Զբաղվում էին գյուղատնտեսությամբ: Սոցիալապես ոչ լավ, ոչ էլ վատ վիճակում էին: Մոտավորապես ժամը 17-ին Մեսրոպ Ալամյանին են գտել մահացած: Գիշերը ժամը 5-ի կողմերը նրա որդուն՝ Դերենիկ Ալամյանին են գտել կախված վիճակում»,-այսպես բնութագրեց համայնքի ղեկավարը:

 

Ընտանիքում ապրում էին Մեսրոպ Ալամյանը, կինը, որդին՝ Դերենիկը, որդու կինը և նրանց երկու անչափահաս երեխաները: Մեսրոպ Ալամյանի երկու աղջիկներն ամուսնացած են, մյուս որդին էլ արտերկրում է՝ ընտանիքի հետ միասին: