Հինգ ամիս առաջ, Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում՝ Ամոյանների գերդաստանի գերեզմանատեղիում, անծանոթ գերեզմանաթումբ է հայտնվել։ Ամոյանները պահանջում են վերահուղարկավորում անել. իրենց հանգուցյալ հարազատներից հեռու թաղել անծանոթին։ Մյուս կողմը պնդում է՝ եզդիական կրոնն ու ավանդույթները թույլ չեն տալիս քանդել գերեզմանը։ Բացի այդ էլ՝ պետական մուծումներն արել են, ունեն համապատասխան փաստաթուղթը։

Հինգ ամիս է՝  այս հարցի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Լեռնամերձի բնակիչ Ռաշիդ Ամոյանը նույնիսկ մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։

Մինչ օրս լուծում չգտած խնդրի մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է ազգությամբ եզդի, Աժ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ։ 

«Ես՝ որպես համայնքի ներկայացուիչ, այսպես եմ մեկնաբանում. մի կողմից՝ մեկն ասում է՝ պետք է հորս մոտ թաղեմ մորս, մյուս կողմից՝ եզդիական ավանդույթները և կրոնը իսկապես թույլ չեն տալիս վերահուղարկավորում կատարել։ Իրականում դա իրոք անթույլատրելի է եզդիական կրոնում, բայց ես կարծում եմ, եթե դրա անհրաժեշտությունը առաջանա, կարելի է լուծումն էլ կտնել։ Օրինակ՝ կարող են հրավիրել իրենց հոգևոր դասին, հոգևորականներին։ Այնպես չէ, որ դա առաջին կամ վերջին դեպքը կլինի։ Քանի որ ազգային փոքրամասնությունների խնդիրները մի փոքր զգայուն են, համայնքների ղեկավարները նման հարցերը թողել են, որ եզդիներն իրենց ավանդույթներով առաջնորդվեն։ Ես այստեղ տեսնում եմ, որ համայնքապետերի կողմից եզդիական համայնքի նկատմամբ  ոչ մի բացասական քայլ չի արվել։ Հարցն ուսումնասիրելուց հետո ես այդպես եմ հասկացել: Չեմ կարծում, որ ինչ-որ բան նպատակադրված է եղել։ Եզդիական կրոնում, եթե չեմ սխալվում, չկա նման բան, որ ընտանիքի անդամները թաղվեն իրար կողքի, դա երևի ձևավորված ավանդույթ է արդեն։ Հարցը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի, որպեսզի նոր ռիսկեր կառաջանան»,-ասաց Բաքոյանը:

Պատգամավորը շեշտեց՝ հարցի լուծումը տեսնում է միայն ընտանիքների երկխոսության և ընդհանուր հայտարարի գալու ճանապարհով։

 

Ասպրամ Փարսադանյան