Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական է գնահատում: Այս մասին նա ասել է ամերիկյան Fox News-ի հետ զրույցում:
«Վիեննայի հանդիպումը տեղի ունեցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում, երկու առաջնորդները վերահաստատեցին հանձնառությունը Դուշանբեում ձեռքբերված համաձայնության շուրջ: Երկու երկրների առաջնորդները մտքերի լայն փոխանակում իրականացրեցին: Հանդիպման նկատմամբ մեր ընդհանուր գնահատականը դրական է»,- ասել է նա:
Ներսեսյանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջին շփումներից ի վեր աշնանը հիմնականում պահպանվել է հրադադարի ռեժիմը, ինչի շնորհիվ ունեցել ենք վերջին տասնամյակի ընթացքում հարաբերականորեն ամենահանգիստ շրջանը: «Չնայած ադրբեջանական կողմից հնչեցվող շարունակական թշնամական հայտարարություններին՝ շփման գծում առկա հարաբերական հանգիստ իրավիճակը ստեղծել էր անհրաժեշտ մթնոլորտ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար: Հայաստանը մշտապես աջակցել է միջնորդների առաջարկներին՝ կառուցելու խաղաղությանը նպաստող միջավայր, ներդնելու մեխանիզմներ՝ ուղղված ռիսկերի նվազեցմանն ու միջադեպերի կանխարգելմանը, ձեռնարկելու վստահություն կառուցող միջոցներ, ինչը թույլ կտա բանակցային գործընթացն առաջ մղել:
Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու ԼՂ կարգավիճակը շարունակում են մնալ հիմնական առաջնահերթություն»,- Fox News-ին ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:
Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։