Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման դեմ բողոքող աշխատակիցներին այսօր՝ ապրիլի 1-ին, իր մոտ է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Աշխատակիցները չեն ժխտում, որ թատրոնում կան խնդիրներ. «Իսկ ո՞ր թատրոնում խնդիրներ չկան, այո, ունենք խնդիրներ, բայց դրանք մեր ներքին խնդիրներն են»,-ասում են նրանք:
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր հերթին նշեց, որ կքննարկվի աշխատակիցների պահանջը եւ տեղում որոշում կկայացվի. «Կլսվեն պահանջները, տեղում համապատասխան որոշումներ կկայացվեն»:
Նշենք, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, ինչպես նաեւ աշխատանքից ազատել Նազենի Ղարիբյանին: