Կառավարության շենքի դիմաց շարունակվում է բողոքի ցույցը։ Արտիստները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են չեղարկել Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանը և վերջինիս էլ ազատել զբաղեցրած պաշտոնից։ Թատրոնի աշխատակիցները չեն բացառում նաև գործադուլի և ներկայացումները տապալելու տարբերակը, եթե իրենց ձայնն իշխանություններին չհասնի։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը նշեց, որ ինքը սատարում է Կոնստանտին Օրբելյանին և գտնում է, որ այդ տեսակ հարցերին պետք է զգույշ և խորագիտությամբ վերաբերվել մինչև հրամաններ տալը․ «Օրբելյանն այն մարդն է, որ եթե օրենքը սխալ էր, ապա պետք էր ճիշտ հրաման տալ, ենթադրենք՝ չեղյալ համարել նախորդ հրամանը։ Նախորդները սխալ հրամանի փոխարեն տալ այն հրամանը, որը որ օրենքով կլինի։ Իսկ եթե ընդհանրապես օրենքը խանգարում է ինչ-որ մի բան կիրառել, որն անհրաժեշտ է՝ նշանակում է այդ օրենքը հնարողներն են նախկինում սխալվել և այն պետք է փոխել։ Համենայն դեպս, Օրբելյանն այդտեղ մեղք չունի»,-ասաց նա։
Հարցին՝ Նազենի Ղարիբյանի հրաժարականի պահանջը միայն Օրբելյանի հեռացման հե՞տ է կապված, թե՞ կան այլ հարցեր ևս, որոնք իրեն չեն բավարարում, Էլբակյանը պատասխանեց․ «Իհա՛րկե կան, դա վերաբերում է և՛ թատրոնների օպտիմալացմանը, և՛ ՊՈԱԿ-ի մասին օրենքին։ Ի վերջո, Մշակույթի նախարարությունը պե՞տք է զբաղվի մշակույթով, պե՞տք է պաշտպանի մշակույթի մարդկանց, թե՞ հակառակը՝ պետք է այնպիսի վիճակների մեջ դնի, որ չկարողանան աշխատեն։ Նրանք նվիրյալներ են, որովհետև շատ դժվար պայմաններում, շատ ցածր աշխատավարձով են աշխատում»,- նշեց նա։
Էլբակյանի խոսքով՝ եթե ստորագրել է Նազենի Ղարիբյանի հրաժարականը պահանջող թղթի տակ, ապա կարծում է, որ նա այն անձը չէ, որը պետք է ղեկավարի ոլորտը։
Այս պահին մի խումբ արտիստներ կառավարության շենքում են և պետք է հանդիպեն վարչապետին։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին, Նազենի Ղարիբյանը Կոնստանտին Օրբելյանին ազատել էր աշխատանքից՝ պատճառաբանելով, որ նրա նշանակումը օրենքի խախտումով է եղել, քանի որ զբաղեցնում է երեք պաշտոն՝ գեղարվեստական ղեկավարի, գլխավոր դիրիժորի և տնօրենի, ինչն օրենքով արգելվում է, դրանից բացի, հայերեն չի խոսում։
Նշենք, որ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահությունը պահանջում է Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը և ակնկալում է համարժեք մշակութային քաղաքականություն։
Սոնա Հարությունյան