Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ի թիվս այլ խոշոր քաղաքների, մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կորցնում է նաև երկրի ամենամեծ քաղաքը՝ Ստամբուլը։
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի (ԲԸՀ) նախագահ Սադի Գյուվենի փոխանցմամբ` Ստամբուլում առաջադրված գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հավաքել է 4 մլն 159 հազար 650, իսկ իշխող ԱԶԿ-ի թեկնածու նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ 4 մլն 131 հազար 751 ձայն:
Այսպիսով, համաձայն Թուրքիայի ԲԸՀ նախագահի հաղորդման, ընդդիմադիր ԺՀԿ թեկնածուն իշխող ԱԶԿ թեկնածուից առաջ է 28 հազար ձայնով:
Մինչև ապրիլի 2-ը ժամը 15:00-ն թեկնածուներն իրավունք ունեն բողոքարկել ընտրության արդյունքները:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուները վստահ հաղթանակ են տարել նաև Թուրքիայի՝ մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում` մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում: