ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Սպայկա» ընկերություն' թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով:
«Այս տարի բնակլիմայական պայմաններից ելնելով՝ ծիրանը շուտ է հասունացել, և արտահանման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել: Եթե անցած տարվա հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր 2710 տոննա ծիրան, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում արդեն արտահանվել է 5675 տոննա: Այսօրվանից վերամշակող գործարաններում սկսվում է նաև մթերման գործընթացը: Չնայած եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի վաղ ակնկալվում էինք ծիրանի ցածր բերք, սակայն այդ կանխատեսումները չիրականացան, և այս տարի նախնական գնահատականներով' կունենանք ավելի քան 60 հազար տոննա բերք», - լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարար Կարապետյանը:
Նախարարի խոսքով' այս տարի հանրապետությունում սպասվում է պտղի բարձր բերք: Օրական հանրապետությունից արտահանվում է շուրջ 80-100 տոննա կեռաս, արդեն արտահանվել է 2010 տոննա' նախորդ ամբողջ տարվա 2000 տոննայի դիմաց, իսկ ծիրանի արտահանման օրական միջին ծավալը կազմում է մոտ 600-800 տոննա:
Մինչ օրս ընդհանուր առմամբ արտահանվել է 63700 տոննա պտուղ-բանջարեղեն' նախորդ ամբողջ տարվա 76 700 տոննայի դիմաց: Նախարարը նաև հավելել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է պահպանել այդ բարձր ցուցանիշը:
«Սպայկա» ՍՊԸ-ի «Արարատֆուդ» ընկերության տնօրեն Համլետ Թադևոսյանն իր հերթին ընդգծել է, որ այս տարի ծիրանն ավելի լավ ապրանքային տեսք ունի, մթերման գործընթացը հաջող է ընթանում, այս պահին մթերման գինը 500 դրամ է, նախատեսում են կրկնապատկել նախորդ տարվա մթերումների քանակները:
Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է նաև կրկնապատկել ծիրանի արտահանման ծավալները' 5000 տոննա նախորդ տարվա 2500 տոննայի դիմաց: Ինչպես նախորդ տարիներին, հետագայում կազմակերպվելու են նաև դեղձի, սալորի, խաղողի և այլ մրգերի մթերումներ: Համլետ Թադևոսյանը նաև նշել է, որ ընկերությունում արդեն գործարկվել է նոր արտադրամաս, որը գտնվում է փորձարկման փուլում: Այստեղ կվերամշակվեն մրգեր, կարտադրվեն հյութեր և կոմպոտներ' Ռուսաստանի Դաշնություն և Եվրամիության երկրներ արտահանելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին