Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում պարենային կարտոֆիլի իրացման խնդիրը լուծում է ստացել բերքահավաքն սկսվելուց դեռեւս շաբաթներ առաջ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գանձակի գյուղապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանի ջանքերով պայմանավորվածություն է ձեռք բերվել վրացական կողմի հետ' Գանձակում արտադրված կարտոֆիլի բերքը Վրաստան արտահանելու համար: Պարենային կարտոֆիլը Գանձակից կարտահանվի այն գնով, ինչ գին որ այդ պահին կթելադրի շուկան:
«Այս տարի Գանձակի տնտեսություններում արտադրվել է ավելի քան 2 հազար տոննա պարենային կարտոֆիլ, որի արտահանման կամ իրացման խնդիրը կարելի է լուծված համարել: Վրաստանցի անհատ ձեռներեցի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն' գանձակցի երկրագործներն իրենց բերքը կվաճառեն հենց տեղում, բերքահավաքից անմիջապես հետո, գործող շուկայական գների սահմաններում:
Կարծում եմ, որ մեր համայնքի բնակիչները գոհ կմնան իրենց վաստակից, իսկ հարեւան համայնքների բնակիչները եւս կարող են իրենց բերքը շահավետ գներով վաճառելու հնարավորություն ստանալ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը:
Խոսրով Խլղաթյան