Օրեր առաջ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պաշտոնական այցով մեկնել էր Արցախ: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեկնաբանեց այցի նպատակը.

«Այցի նպատակը երկու խորհրդարանների հանձնաժողովների միջև կապն ամրապնդելն էր, համատեղ աշխատանքների մասին քննարկումները:

Շատ կարևորում ենք նման այցերը, քանի որ դրանք նաև մեր միասնության գաղափարն են կրում: Այսուհետ մեր նմանատիպ հանդիպումները ոչ միայն քաղաքական ուղերձներ են պարունակելու, այլ հատկապես միասնության գաղափարախոսությունն են կրելու»,- ասաց Լիլիթ Մակունցը` հավելելով, որ Արցախ կատարած այցը շատ դրական է գնահատում, քանի որ հանդիպումը բովանդակային առումով շատ հագեցած է եղել և անցել է ջերմ մթնոլորտում: Հարցին, թե քննարկվե՞ց Փաշինյան-Ալիև հանդիպումը, քանի որ այդ օրերին Վիեննայում տեղի էր ունենում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը և քննարկումները Արցախի հիմնահարցի շուրջ, Լիլիթ Մակունցը պատասխանեց.

«Երբ մենք Արցախում հանդիպեցինք նախագահ Բակո Սահակյանի հետ, Փաշինյան-Ալիև հանդիպումները դեռ շարունակվում էին և չկար պաշտոնական հստակ տեղեկատվություն, թե ինչ հարցերի շուրջ են խոսել: Բակո Սահակյանը մեզ տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել պարոն Փաշինյանի հետ և վարչապետը իր գոհունակությունն է հայտնել Ալիևի հետ հանդիպման ընթացքի վերաբերյալ: Բակո Սահակյանը ևս գոհունակություն հայտնեց մեզ, բայց չմանրամասնեց, թե ինչ են խոսել վարչապետի հետ, միայն նշեց, որ բանակցային առումով կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը` ընդգծելով, որ այն դինամիկան, որն այժմ կա, շատ կարևոր է և այդ ուղությամբ պետք է շարունակեն աշխատել:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ