«Եթե իսկապես շատ ակեղծ լինեմ, ապա իրոք չեմ հասցրել վերաիմաստավորել այս ամբողջ փուլը: Անձամբ ինձ համար դեռ ժամանակ է պետք վերաիմաստավորելու այս մեկ տարին: Այն արժեքները, որոնցով մենք առաջնորդվում էինք նախորդ տարվա ապրիլ և մայիս ամիսներին, շարունակում ենք առաջնորդվել նաև հիմա: Այդ արժեքներն առաջին հերթին հիմնված են Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատիվ կյանքի, արդարության, օրենքների գերակայության և երջանկության տիրույթում»- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով հեղափոխության մեկ տարվան, այդ ընթացքում գրանցված ձեռքբերումներին և թերացումներին:

Խոսելով հնարավոր թերացումների և չիրականացված ծրագրերի մասին` Լիլիթ Մակունցը նշեց. «Գիտեք, եթե այդ տեսանկյունից նայենք` միշտ էլ կգտնենք բաներ, որոնք պարտադիր կերպով կարելի էր անել առավել, քան արել ենք: Անձամբ ես, մշտապես ունենում եմ այն զգացումը, որ կարելի էր անել ավելին: Այդպես մոտենալ բոլոր հարցերին, անձամբ ինձ համար, շատ կարևոր է: Միշտ պետք է ձգտել անել ավելին, երբեք չմտածել, որ արդեն բավարար չափով աշխատել ենք կամ այն ինչ անում ենք` բավարար է: Թերացումների առումով կասեմ, որ կոնկրետ ես, իմ քայլերում աշխատում եմ դանդաղ շարժվել: Ինձ կարելի է դրանում մեղադրել` որպես քաղաքական գործչի` հատկապես այն պարագայում, երբ մարդկանց ակնկալիքները շատ են և շտապողականություն են պահանջում: Իմ կարծիքով, չկշռադատված շտապողական քայլերը հանգեցնում են այնպիսի սխալների, որոնք, գուցե հնարավոր չլինի շտկել, իսկ դանդաղ քայլերի պարագայում, եթե անգամ լինում են թերացումներ, ապա դրանք կարելի է շտկել»- ասաց պատգամավորը` հավելելով, որ կարևորը կամքը և բաց միտքն է, որպեսզի դու կարողանաս շտկել թերացումները:

Հարցին, թե որպես Մշակույթի նախկին նախարար, ինչպիսին է իր վերաբերմունքը այն հարցին, որ շուտով այդ նախարարությունը պետք է միանա ԿԳՆ-ին, Լիլիթ Մակունցը նշեց. «Որպես Մշակույթի նախկին նախարար՝ կոռեկտ չեմ համարում և չեմ մեկնաբանելու Մշակույթի նախարարության պատասխանատուների աշխատանքը և այդ ոլորտին առնչվող խնդիրները: Մշակույթի նախարարությունը չի փակվում:Եթե ծրագիրը չլիներ այնպես, որ միավորվելուց հետո Մշակույթի նախարարությունը մնալու է այն նույն կառույցով, որով հիմա կա, անձամբ ինձ համար դա կլիներ խնդիր, բայց նախարարությունը` ամբողջ գործառույթներով և բոլոր ոլորտային գերատեսչություններով, պահպանվելու է»,- ասաց Լիլիթ Մակունցը` ընդգծելով, որ իր համար ամենակարևոր` մշակութային ժառանգության պահպանության ոլորտը ևս մնացել է Մշակույթի նախարարության տիրույթում և չի գտնվում քաղաքաշինության տիրույթում:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ