2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` կիրառելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի և տարբեր նշանակության զենքերից գնդակոծել է ոչ միայն Արցախի ՊԲ զորամասերը, դիրքերը, ռազմական նշանակության օբյեկտները, այլև բնակավայրերը:
Փաստերը ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը ոչ միայն առաջինն է հարձակվել՝ նախապես ծրագրելով այդ գործողությունը, այլև վերոնշյալ հարձակումով փորձել է ռազմավարական խնդիր լուծել: Ադրբեջանի ռազմավարությունը կարելի է բաժանել երկու հիմնական բաղադրիչի՝ ուժի կիրառմամբ «տարածքներ ազատագրել», առաջնագծում անընդհատ լարել իրավիճակը և պատերազմի սպառնալիքը օգտագործել ԼՂ հիմնախնդրի հարցում շահեկան դիրք ձեռք բերելու համար:
Մարտական գործողությունների հենց առաջին օրը՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՊՆ Զաքիր Հասանովի գլխավորությամբ անցկացված նախագահին կից անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Զ. Հասանովը, զեկուցելով իրավիճակը, ասել է. «… հաշվի առնելով հավանական ուղղությամբ հայկական զինված ուժերի պահեստազորայինների գործողությունը, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզական խմբերը երեք ուղղությամբ պլանավորված միջոցառումներ են իրականացրել»:
Զ. Հասանովը որպես հարձակման անցնելու «հիմնավորում» փորձել է ներկայացնել այն թեզը, թե հայկական կողմը մինչ այդ կրակում էր ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ՝ չբերելով որևէ հիմնավորում:
Հարկ է նշել, որ 2016թ. մարտի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իբր հայկական կողմից կազմակերպված «դիվերսիոն ներթափանցման 5 փորձի» մասին, սակայն տվյալ ժամանակաշրջանում Ադրբեջանի ՊՆ որևէ հաղորդագրության մեջ չի նշվել, թե հայկական կողմը վնասներ է պատճառել Ադրբեջանի բնակչությանը, և դրանից հետո էլ հստակ փաստեր չեն մատնանշվել ի հիմնավորումն նշվածի: Զ. Հասանովի խոսքերը և նշված հաղորդագրությունները արդեն իսկ ցույց են տալիս, որ հարձակումը նախօրոք ծրագրված է եղել, և որպես պատրվակ՝ ներկայացվել է այսպես կոչված «Ադրբեջանի բնակչության շրջանում առկա կորուստները», որը, ինչպես նշեցինք, չի հիմնավորվել: Այսպիսով, մարտին տարածած 5 հաղորդագրությունը կարելի է համարել գործողությունների տեղեկատվական նախապատրաստման բաղադրիչներից մեկը:
Հատկանշական է նաև, որ ապրիլի 2-ին հայկական ուժերի կողմից խոցված Ադրբեջանի ԶՈւ-ին պատկանող Մի-24Գ հարվածային ուղղաթիռի անձնակազմի մոտ գտնված քարտեզում նշված է եղել ԼՂՀ տարածքում 9 նշանակետ, որոնց խորությունն առաջնագծից կազմել է 3-ից մինչև 10 կմ: Նշանակետերից մեկը եղել է նաև Վարազաթումբ («Լելե Թեփե») բարձունքը: Սա ևս վկայում է այն մասին, որ ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել ադրբեջանական ղեկավարության կողմից և նպատակ չի ունեցել սահմանափակվել դիրքային գործողություններով՝ միայն առաջնագծի հատվածում:
Փաստենք, որ դեռևս 2015թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա. Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանն առաջնագծում լարվածությունը հասցրել է այն մակարդակի, որ կիրառվում է առաջնագծում կանգնած գնդերի և բրիգադների սպառազինության ամբողջ տեսականին, այսինքն այն, ինչ կիրառվում է պատերազմում:
ԼՂ հիմնախնդիրը «ռազմական ճանապարհով լուծելու» վերաբերյալ Ադրբեջանի թեզը
2016թ. ապրիլի 2-ի ԱԽ նիստի ընթացքում Ի. Ալիևը, մասնավորապես, նշել է. «…. Հայաստանի հիմնական նպատակն է անփոփոխ պահել ստատուս-քվոն: Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն մեկ սկզբունքի հիման վրա»: Կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանի նախագահը, այս հայտարարությամբ մեղադրելով հայկական կողմին ստատուս-քվոն պահպանելու համար, իբրև Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու արդարացում՝ առաջ է քաշել այսպես կոչված Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտությունը»: Հարկ է նշել, որ, համաձայն Հելսինկիի եզրափակիչ ակտի 2-րդ կետի՝ «Ոչ մի նկատառում չի կարող ներկայացվել՝ հիմնավորելու համար ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքին դիմելը՝ ի խախտումն սույն սկզբունքի»: Ըստ այդմ՝ Ադրբեջանի նախագահի «հիմնավորումը» իրականում նշված միջազգային սկզբունքի խախտումն է:
Հատկանշական է նաև այն, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն 2016թ. ապրիլի 2-ին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ «Ադրբեջանը չունի այլ միջոց, քան հակամարտության ռազմական եղանակով կարգավորումը»։
Դեսպան Բյուլբյուլօղլուի հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է այն, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները դիտարկել է որպես իր՝ «ագրեսորի ռազմավարության» կարևոր բաղադրիչ, ինչի ակնհայտ դրսևորումը Ապրիլյան մարտական գործողություններն էին:
Հարկ է նշել, որ ԼՂ հիմնախնդրի հարցում Ադրբեջանի ռազմավարության կարևորագույն բաղադրիչն է ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Նշված ռազմավարությունը օգտագործելով Ադրբեջանը փորձում է Հայաստանի նկատմամբ տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական տեսանկյուններից ճնշումներ գործադրել: Ուստի վերոգրյալը թույլ է տալիս պնդել, որ Ապրիլյան մարտական գործողությունների դրվագը ընդհանուր պատկերի մեջ Ադրբեջանի Հանրապետության քաղաքականության մասն է, և այն հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում, այլ ոչ թե պարզապես իբրև առանձին գործողություն: Այս մասին է վկայում նաև այն, որ 2016թ. նոյեմբերի 12-ին Իլհամ Ալիևը, այցելելով առաջնագծի զորամասերից մեկի մարտական դիրքեր, հայտարարել է. «….Մենք երբեք թույլ չենք տա մեր հողում երկրորդ հայկական պետության ստեղծում: Ապրիլյան մարտերը դա ևս մեկ անգամ հաստատեցին»: Ավելացնենք, որ չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին, ինչպես ցույց են տալիս առկա փաստերը, Ադրբեջանի զինված ուժերը 2016 թ. ապրիլին չեն կատարել իրենց առջև դրված խնդիրը: Նշվածը հաշվի առնելով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձ են կատարում 2016 թ. ապրիլին հաջորդած շրջանում իբրև հաջողություն ներկայացնել մասնավորապես «Լելե թեփե» բարձունքի գրավումը՝ շրջանցելով Ադրբեջանի զինված ուժերի մեծաթիվ կորուստների փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ըստ էության ադրբեջանական բանակը ձախողել է իր առջև դրված առաջադրանքների իրականացումը: