ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների, նաև քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ըստ նախնական տվյալների պարզվել է, որ 2009 թվականի հունվարի 9-ին «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ և ընկերության գույքը, այդ թվում՝ 10.7 կմ երկարությամբ 100 մմ տրամաչափի Արագածոտնի մարզի «Ապարան-Վարդաբլուր-Ծաղկահովիտ» ջրատարը հանձնվել է գործով սնանկության կառավարչի տիրապետմանը:

2018 թվականի հուլիսի 23-ին, աճուրդի արդյունքում, անհատ ձեռնարկատիրոջ և սնանկության գործով կառավարչի միջև կնքվել է «Ապարան-Վարդաբլուր-Ծաղկահովիտ» ջրատարից երկու հազար գծամետր ընդհանուր երկարությամբ խողովակների ձեռքբերման պայմանագիր:

Անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցիչը, օգտագործելով նշված պայմանագիրը, առանց Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավարի թույլտվության, 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրատարից ապամոնտաժել է երկու հազար գծամետր խողովակ։ Հետո, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տեղեկությունների, խարդախությամբ ապամոնտաժել և հափշտակել է նույն ջրատարի շարունակությունը՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքով անցնող, մոտ 500 գծամետր խողովակաշարը։ Ապա, չարաշահելով ինչպես սնանկության կառավարչի, այնպես էլ Ալագյազ համայնքի ղեկավարի վստահությունը, նշված պայմանագիրը ներկայացրել է Ալագյազ համայնքի ղեկավարին և նրա կողմից քանդման թույլտվություն ստանալուց հետո, 2019 թվականին ապամոնտաժել և խարդախությամբ հափշտակել է ևս շուրջ 2.200 գծամետր խողովակաշար, այսպիսով հափշտակելով ընդհանուր՝ 4.590.000 դրամ արժողության շուրջ 2700 գծամետր խողովակաշար:

Փաստի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: