Վերջին օրերին տարբեր ծնողների կողմից և՛ ես, և՛ իմ գործընկերները ստանում ենք ահազանգեր այն մասին, որ տարբեր պոլիկլինիկաներում ստիպում են պատվաստել իրենց երեխաներին, իսկ հրաժարվելու դեպքում բժշկական փաստաթղթերը «ձեռքները տալով»` «դուրս են հրավիրում» պոլիկլինիկայից։

Հաշվի առնելով այս երևույթի տարածուն բնույթ ստանալու միտումը` կարևոր եմ համարում այս հարցի և օրենքի պահանջների բարձրաձայնումը` միաժամանակ սթափության կոչ հնչեցնելով իմ բժիշկ-գործընկերիներին։

Սիրելի քաղաքացինե՛ր, ծնողնե՛ր,

 N 1

Համաձայն ՀՀ Սահմանադրության (06.12.2015) 25-րդ հոդվածի «Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնամխելիության իրավունք»։ Ոչ ոք այլ անձի որևէ բան ստիպելու իրավունք չունի։

 https://www.president.am/hy/constitution-2015/

 Հետևաբար, ոչ մի պոլիկլինիկայի ոչ մի բժիշկ ոչ ոքի իրավունք չունի ստիպելու, որ իր կամքից անկախ ստանա կամ չստանա որևէ դեղամիջոց կամ պատվաստանյութ։

N 2

Համաձայն ՀՀ Բնակչության բժշկական օգնության եվ սպասարկման մասին օրենքի 4-րդ հոդվածի «Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք»:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի պահանջներով «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին, իրազեկ լինել իր հիվանդության մասին և համաձայնություն տալ բժշկական միջամտության համար, հրաժարվել բժշկական միջամտությունից, արժանանալ հարգալից վերաբերմունքի` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից»։

https://www.arlis.am/documentview.aspx?docID=104958

Հետևաբար, ցանկացած բժշկական հաստատությունում, հատկապես այն պոլիկլինիկայում, որտեղ անձը հաշվառված է, բուժսպասարկում իրականացնող անձը պարտավոր է սպառիչ տեղեկատվություն տրամադրել այցելուի առողջական վիճակի, ցանկացած միջամտության կամ բուժման եղանակի մասին, լինել հարգալից։ Միաժամանակ տվյալ բուժաշխատողն իրավունք չունի չսպասարկել այցելուին, վարվել նրա կամ նրա ծնողի հետ կոպիտ, գոռալ` հանգիստ խոսելու փոխարեն։

 N 3

Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանի Գլուխ 28, 134 կետի ենթակետերի

ü  Երեխաների շրջանում կանխարգելիչ պատվաստումների նկատմամբ հակացուցումների որոշում և սահմանում, հրաժարականների քննարկում և խորհրդատվություն իրականացվում են հանձնաժողովների կողմից

ü  Երեխաների շրջանում կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների սահմանման, պատվաստումներից հրաժարականների քննարկման և խորհրդատվության հանձնաժողովները ձևավորվում են պատվաստում իրականացնող բոլոր ԲԿԿ-ներում` համաձայն վերջիններիս ղեկավարների հրամանի

Հանձնաժողովի պարտականություններն են`

ա. Հակացուցումների սահմանում, բացառությամբ՝ սուր ընթացքով վարակիչ և սոմատիկ հիվանդությունների, որոնց ձևակերպումը կատարվում է մանկաբույժի կողմից

բ. Պատվաստումներից հրաժարվողների (ծնողների) խորհրդատվություն և իրազեկում

Պատվաստումներից հակացուցումներ ունեցող, ինչպես նաև պատվաստումներից հրաժարված երեխաներին հանձնաժողովի նիստին ներկայացնում է տեղամասային մանկաբույժը` կցելով «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը» (ձև 112/հ), «Կանխարգելիչ պատվաստումների քարտը» (ձև 063), որտեղ մանրամասն նկարագրվում է երեխայի վիճակը և ախտորոշումը:

Հանձնաժողովը մինչ «Հրաժարված» որոշում կայացնելը հրավիրում է երեխայի ծնողներին` խորհրդատվության և իրազեկման նպատակով: Երեխան համարվում է «հրաժարված», եթե համապատասխան խորհրդատվությունից և իրազեկումից հետո ծնողը դիրքորոշումը չի փոխում և ներկայացնում է գրավոր հրաժարական` նշելով տրամադրված խորհրդատվության և երեխայի չպատվաստվելու դեպքում վերջինիս վարակիչ հիվանդությամբ վարակվելու վտանգի վերաբերյալ իր իրազեկվածության մասին:

 https://www.arlis.am/documentview.aspx?docID=47350&fbclid=IwAR1JB2eXt

Իմ հարցին. «Ձեր բալիկի փաստաթղթերը Ձեզ տալուց և հաջողություն մաղթելուց առաջ Ձեզ հրավիրե՞լ են բժշկական հանձնաժողովի նիստի»,- բոլորը հարցով են պատասխանում,- Ի՞նչ հանձնաժողով։

Ի վերջո, գոյություն ունե՞ն վերոնշյալ հրամանով սահմանված հանձնաժողովները, դրա անդամները ստանու՞մ են աշխատավարձ մեր հանրային միջոցների հաշվին։ Գոյություն ունեն ու առանց երեխայի ծնողի հետ խոսելու երեխային «վտարու՞մ են» պոլիկլինիկայից։ Շա~տ տաղանդավոր հանձնաժողովականներ են, ուղղակի նրանց տաղանդը շատ խորն է թաքնված։ Այնքան խորը, որ հանրությունը չգիտի նրանց գոյության մասին։

Եվ այսպես,

Ոչ մի պայմանով և ոչ մի օրենքով ոչ ոք իրավունք չունի Ձեր երեխային ցույց տալ դրսի դռան տեղը։ Ցանկացած պատվաստմանը համաձայնվելը կամ հրաժարվելը Ձեր և Ձեր երեխայի իրավունքն է։ Պատվաստումից հրաժարվելու պարագայում պոլիկլինիկայի ղեկավարությունը պարտավոր է Ձեզ հրավիրել հատուկ հանձնաժողովի նիստի, զրուցել Ձեզ հետ (առանց Ձեզ վրա ճնշում գործադրելու)։ Հրաժարվելու դեպքում Դուք և Ձեր երեխան համարվում եք ոչ թե persona non grata այդ պոլիկլինիկայում, այլ պարզապես, եթե ձեր բալիկը վարակվի պատվաստման օրացույցում առկա որևէ վարակիչ հիվանդությամբ, ապա չեք կարողանա իրավական հայց ներկայացնել պոլիկլինիկայի և տեղամասային մանկաբույժի նկատմամբ։ Ցանկացած վարակով վարակվելու պարագայում Ձեր բալիկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ վարակից բուժման լիարժեք իրավունք ունի։

Խոսելով ՀՀ-ում մարդու իրավունքների մասին` շատերը «անհասկանալի» պատճառներով կենտրոնանում են սեռական փոքրամասնությունների, պասիվ ծխողների ու «թույլ» սեռի վրա։

Նրանք մոռանում են, որ մարդու իրավունքները գլոբալ հասկացություն է, և մի կողմից աղաղակել մի խմբի իրավունքների մասին, իսկ մյուս կողմից ոտնահարել ՀՀ մյուս քաղաքացիների իրավունքները չի ներվում ոչ օրենքի, ոչ հանրության, ոչ մեր սերունդների կողմից։

Իմանանք և պաշտպանենք մեր իրավունքները։

Հ.Գ. Պատվաստումներն անհրաժեշտ են և կարևոր։ Դրանց շնորհիվ կյանքեր են փրկվել ու հիվանդություններ են վերացվել։ Բայց մենք պետք է համոզված լինենք, որ պատվաստումների ազգային օրացույցում ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ, ՕՏԿԱՏԸ և ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ։

Մինչ օրս ջրի երես դուրս եկող փաստերը խեղդում են մեր վստահությունը գործող համակարգի և գործող պատվաստումների ազգային օրացույցի արդարացված լինելու մասով։

Բժիշկ-նեյրովիրաբույժ

Մարինա Խաչատրյան