Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանին առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինին Հայաստանում անցանկալի անձ ճանաչել:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ խոսելու է ոչ թե օրենքի նախագծի, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին մտահոգող խնդրի՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին:
«Ես մոտեցա ամբիոնին, որպեսզի հնչեցնեմ իմ և Հայաստանի քաղաքացիների մտահոգությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ: Այս պահին ես ցանկանում եմ առաջարկել Հայաստանի Հանրապետության խորհրդարանին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի տնօրեն Հայաստանում անցանկալի անձ՝ persona non grata ճանաչելու առումով՝ այն բանի համար, որ նա բացահայտ արհամարհել է Հայաստանի մի շարք պետական կառույցների, ինչպես նաև մեր երկրի բնակչությանը»,- նշեց Ուրիխանյանը :
Ուրիխանյանը իրավապահ մարմիններին հորդորեց նաև քրեական գործ հարուցել ՀԷՑ-ում տարիներ շարունակ տեղի ունեցած ապօրինությունների առթիվ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքե;ով Ուրիխանյանի ելույթին, բոլոր պատգամավորներին հորդորեց խոսել քննարկվող օրենքի նախագծի վերաբերյալ: «Հարգելի պարոն Ուրիխանյան, ես հասկանում եմ, որ հայտարարությունների ժամ չկա արտահերթ նստաշրջանի ընթացքում, սակայն եկեք խոսենք բացառապես քննարկվող նախագծերի վերաբերյալ: Ես հասկանում եմ, որ խնդիրը, որի մասին Դուք ցանկանում եք խոսել, շատ կարևոր է, և, պատգամավորական համերաշխությունից ելնելով, ես չանջատեցի Ձեր խոսափողը: Բայց խնդրում եմ պահպանել կանոնակարգ-օրենքը»,- ասաց Շարմազանովը: