Նկատի ունենալով բնական սեղմված գազի գնի փոփոխության վերաբերյալ այսօր մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները, ինչպես նաեւ ՏՄՊՊՀ թեժ գծի միջոցով ստացված բողոքները, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերոնշյալ ոլորտում կիրականացնի ուսումնասիրություն: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ին տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:

Նա նշեց՝ հանձնաժողովի վերջին վերլուծության համաձայն՝ այս շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան, դաշտը լիովին մրցակցային է՝ ցածր կենտրոնացվածությամբ: Այնումենայնիվ, կարեւորելով խնդրի սոցիալական նշանակությունը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի որոշմամբ կիրականացվի օպերատիվ ուսումնասիրություն

Տնտեսվարողների փաստարկներն ու փաստաթղթային հիմնավորումները ուսումնասիրելուց հետո ՏՄՊՊՀ-ը կտեղեկացնի իր որոշման մասին:Այսօր ևեթ հանձնաժողով կհրավիրվեն վերոնշյալ ոլորտում առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները՝ իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 1-ից Հայաստանում ԱԳԼՃԿ-ներում գազը պետք է վաճառվի կիլոգրամներով, քանի որ կառավարությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ: Թեև կառավարությունն այս որոշումը հիմնավորեց նրանով, որ տնտեսվարողները քաշի մեջ չխաբեն ժողովրդին, սակայն քաղաքացիներն ահազանգում են՝ արդեն 2 օր է՝ խայտառակ իրավիճակ է տիրում ոլորտում, գազը թանկացել է 15-20%-ով և իրենց վճարած գումարի դիմաց չեն ստանում համարժեք գազ: