«Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների և խաղաղ բնակիչների 23 գործերով սպասվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Թե ե՞րբ ՄԻԵԴ-ը կհրապարակի վճիռները, հայտնի չէ։ Ընդհանուր առմամբ՝ խոշտանգված զինվորականների ու խաղաղ բնակիչների և պատերազմի հետևանքով տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված։ Ա.Ղազարյանի խոսքով՝ մյուս գործերի քննությունը դեռ չի սկսվել, բայց 336 հայցն էլ գրանցված է։ «Այդ 23-ին տրվել էր առաջնահերթություն, ՄԻԵԴ-ն արագացված կարգով էր քննում։ Դրանք իրենց բնույթով տարբեր են, վերաբերում են զոհված զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնց մարմինները խոշտանգված էին»,- ասաց Ա.Ղազարյանը։ Հիշեցնենք, որ ըստ Լեռնային Ղարաբաղի դատախազության, 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի 19 զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել էր 6 քրեական գործ։ 3 առանձին քրեական գործեր էին հարուցվել գլխատման փաստերով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում